Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին՝ բողոքելով ՃՈ պետավտոտեսուչների գործողություններից: Բանն այն է, որ պետավտոտեսուչները վարորդներից պահանջում են փոխել մգեցված դիմապակին: Խոսքն այն ավտոմեքենաների մասին է, որոնց լուսաթափանցելիությունը 70% ցածր է:
ՀՀ օրենսդրությամբ ավտոմեքենաների դիմապակիների լուսաթափանցելիությունը 70% պետք է բարձր լինի: ՃՈ աշխատակիցները վարորդներին տուգանում են 30 հազ. դրամի չափով եւ պահանջում 24 ժամվա ընթացքում փոխել դիմապակին: Սակայն վարորդները պնդում են, որ բավարար լուսաթափանցելիությամբ դիմապակիները եւս գործարանային արտադրության են: Բացի այդ՝ խորհրդային տարիների արտադրության «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենաների վարորդները անելանելի վիճակում են հայտնվել. ավտոպահեստամասերի խանութներում, մեքենաների վերանորոգման արհեստանոցներում իրենց ավտոմեքենաների համար նախատեսված բավարար լուսաթափանցելիությամբ դիմապակիներ չկան, դրանցից չի ներկրվում ՀՀ:
Իհարկե, թանկ չեն` 10-12 հազ. դրամ, սակայն շուկայում չկան: «Ժիգուլիների» տերերը միեւնույն ժամանակ նկատում են, որ ՃՈ աշխատակիցները վախենում են մգեցված ապակիներով թանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնել՝ շառից-փորձանքից հեռու: Այլ կերպ ասած՝ ճանապարհային ոստիկանների թիրախում հայտնվել են միայն հին ավտոմեքենաները, որոնց տերերը փաստացի սոցիալապես անապահով անձինք են: