«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ 2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը փոխվեց, եւ ռուսական «Ռաո» ընկերության բաժնետոմսերի սեփականատերը դարձավ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, եւ ՀԷՑ-ը դարձավ «Տաշիր գրուպի» մաս, հարցերի հարցն այն էր, թե արդյո՞ք նոր սեփականատերը կկարողանա նվազեցնել էլէներգիայի կորուստները:
Հիշեցնենք, որ բաժնետոմսերի վաճառքից առաջ ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը հասել էր 13 տոկոսի: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 8,8 տոկոս: Սա, նկատենք, որ աննախադեպ ցուցանիշ է: Կարող ենք արձանագրել, որ այսպիսով ՀԷՑ-ի եկամուտները, օրինակ, 2015 թվականի համեմատ ավելացել են մոտ 10 միլիոն դոլարով:
Ի դեպ, հենց վնասների մեծ լինելու պատճառով էր, որ 2009-ից 2015 թվականներին ՀԷՑ-ի նախկին տնօրինությունը երեք անգամ էլէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջ ներկայացրեց: Փաստորեն արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ սեփականատիրոջ փոփոխությունն իր արդյունքը տվել է: Հարկ է նկատել, որ էլէներգիայի բաշխմամբ զբաղվող ընկերությունների կորուստի միջազգային ընդունված առավելագույն չափանիշը մոտ 7 տոկոս է: Այսինքն՝ ՀԷՑ-ին մի փոքր է մնում այդ ցուցանիշին հասնելու համար»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: