ԹՐԱՄՓԸ ԾԱՂՐԵՑ ԱՄՆ-Ի ԱՌԱՋԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի այցելությունը Արեւելյան Ասիա եւ շրջագայությունը մի շարք երկրներ կարծես միտված էր Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի հստակեցմանը: Թեպետ պաշտոնապես բանակցություններն ու գագաթնաժողովները գերազանցապես վերաբերում էին տնտեսական հիմնախնդիրներին, Հս. Կորեայի հարցը կարմիր թելով անցնում էր գրեթե բոլոր հանդիպումներում: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս խոսեց այդ մասին՝ նկատի ունենալով Չինաստանի ու Ռուսաստանի օգնությամբ ճգնաժամի հաղթահարման հրատապությունը, ինչը այլեւս համամոլորակային անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով հնարավոր պատերազմի աղետալի հետեւանքները:

Թրամփի շրջագայությունն Ասիայում Հյուսիսային Կորեան նախընտրեց պաշտոնապես մեկնաբանել իբրեւ իրենց դեմ ռազմական մեծ կոալիցիայի նախաձեռնման ձախողված փորձ: Կորեական պաշտոնական քարոզչությունը ոչ միայն տապալված որակեց Թրամփի քաղաքականությունը, այլեւ անձնական վիրավորանքներ տեղաց ամերիկյան առաջնորդի նկատմամբ: Ըստ էության, կորեական պիտակները ծանր անդրադարձան Թրամփի էգոյի վրա՝ ստիպելով նրան անուղղակիորեն վիրավորել Կիմ Չեն Ընին: Թրամփը հայտարարել էր, որ ինքը երբեք չի վիրավորի Ընին կարճահասակ ու գեր պիտակավորելու միջոցով: Միաժամանակ Թրամփը նախընտրել է քննադատել Հս. Կորեայի գաղափարական հիմնասյուները՝ իշխող ռեժիմն անվանելով բացարձակ բռնապետական, իսկ պետությունը՝ դժոխք: Դրանից հետո կորեական մամուլը մի նոր արշավանք սկսեց Թրամփի դեմ՝ նրան անվանելով ծեր մառազմատիկ, խաբեբա ու մարդկության կողմից մերժված մեկը: Ըստ նույն աղբյուրի՝ Թրամփը գործել է աններելի մեղք՝ վիրավորելով Հս. Կորեայի գերագույն առաջնորդությանը, ինչի համար արժանի է ամենախիստ պատժի: Այնուհետ կորեական պաշտոնական քարոզչությունը ԱՄՆ նախագահին որակել է իբրեւ «փողի ստրուկ», որը կորեական ժողովրդի կողմից մահապատժի է դատապարտված: Հս. Կորեան միաժամանակ վստահեցրել է, որ ամերիկյան կողմի հետագա նույնատիպ քաղաքականությունը, որն այդ երկրում ընկալվում է իբրեւ ագրեսիա, հանդիպելու է լուրջ դիմադրության՝ հանգելով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կիրառությանը:
Այսօր մի շարք մասնագետներ փորձում են պարզել, թե ինչ հետեւանքներ կունենա Հս. Կորեայի կողմից ատոմային մարտագլխիկով հրթիռի արձակումը: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի մասնագետների հաշվարկների՝ առնվազն Տոկիոյում եւ Սեուլում դրան զոհ կգնա շուրջ 2.1 մլն մարդ: Թեպետ կորեական պաշտոնական վարկածով իրենց տիրապետության տակ կա մոտ 100 մարտագլխիկ, սակայն արեւմտյան փորձագետները այդ թիվը իջեցնում են մինչեւ 25-ի: Եվ եթե Հս. Կորեան իր ողջ միջուկային արսենալը բաց թողնի Ճապոնիայի ու Հարավային Կորեայի վրա, յուրաքանչյուր մայրաքաղաքում շուրջ 4 միլիոն մարդ զոհ կգնա դրան: Թեպետ միջուկային հարվածային համակարգերը 100 տոկոս վստահություն չեն կարող երաշխավորել, առավել եւս, որ թե՛ Հվ. Կորեան, թե՛ Ճապոնիան հուսալի պաշտպանական համակարգեր են ձեռք բերել ԱՄՆ-ից, սակայն մեկ հրթիռի պայթյունն էլ բավական է՝ աղետի առաջ կանգնելու համար: Այդուամենայնիվ, հետաքրքիր է, որ միջուկային հարվածի մասին վերջին շրջանում էականորեն չի խոսվում՝ տեղը զիջելով քիմիական զենքի կիրառության հարցին: Անգամ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն է հայտարարել այն մասին, որ Հս. Կորեան ունի հրթիռները քիմիական մարտագլխիկներով զինելու պոտենցիալ: Այս առումով կաղում են նաեւ պաշտպանական մեխանիզմները, որոնք նվազ արդյունավետ են քիմիական զենքի հարվածները որսալու հարցում: Մասնագետները պնդում են, որ գործող համակարգերով հնարավոր է կանխել վտանգի սոսկ 50 տոկոսը: Այսպիսով՝ Հս. Կորեայի հարուցած սպառնալիքը ոչ միայն միջուկային բնույթի է, այլեւ քիմիական եւ չնայած վերջինս մասշտաբով անհամեմատելի է առաջինի հետ, սակայն պատճառված վնասի տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես ավելի նախընտրելի տարբերակ:
Հս. Կորեայի խնդիրը տարիներ շարունակ անհանգստացնում է համաշխարհային առաջնորդներին, որոնք, խուսափելով անկառավարելիության վտանգից, նախընտրել են զուսպ դիրքորոշում որդեգրել այդ երկրի ու առաջնորդի հանդեպ: Մինչդեռ ԱՄՆ 45-րդ նախագահին Հս. Կորեայի դեմ ագրեսիվ վարքագծն ավելի արդյունավետ էր թվում: Նա կարծում էր, թե իր սպառնալիքներից եթե ոչ Հս. Կորեան, ապա առնվազն Ռուսաստանն ու Չինաստանը կանհանգստանային ու կփորձեին լուծել խնդիրը իր փոխարեն: Թրամփին, սակայն, այստեղ հիասթափություն էր սպասում: Ոչ միայն Ռուսաստանն ու Չինաստանը որսացին նրա բլեֆը, այլեւ անգամ Հյուիսային Կորեան: Ահա թե որտեղ դրսեւորվեց նախագահի անփորձությունն ու գործնականում բացասական հետեւանք ունեցավ ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Թրամփը, չնկատելով իր իսկ վրիպումը, միաժամանակ ահռելիորեն իջեցրեց թե՛ նախագահական խոսքի մակարդակը, թե՛ այդ խոսքի ու գործի հարաբերակցության նշաձողը, թե՛ որպես համաշխարհային թերեւս ամենակարեւոր խաղացողի ամերիկյան կարգավիճակը: Անպատկերացնելի է, որ նախկին նախագահներից որեւէ մեկը անձնական թշնամության մեջ մտներ օտար պետությունների ղեկավարների հետ՝ անձնական վիրավորանքներ հասցնելով: Այդկերպ նա ոչ միայն կնվազեցներ իր նախագահական խոսքի կարեւորությունը, այլեւ դրա աշխարհաքաղաքական ազդեցությունը: Ի վերջո, եթե նախագահն ինչ-որ գնահատական է հնչեցնում առավել եւս պաշտոնական միջոցառումների ժամանակ, դա պետության դիրքորոշումն է, իսկ Միացյալ Նահանգները չէր կարող այնքան խեղճանալ, որ անձնական բնույթի վիրավորանքները մնային իբրեւ պետության քաղաքականության վերջին հույսը: Թրամփին, փաստորեն, հաջողվեց ծանակել նաեւ տասնամյակների արդյունքում ձեւավորված ամերիկյան համաշխարհային առաջատարությունը առանց հակառակորդների էական ջանքերի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՇԱՏ ՀԱՐԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքում են ՊԵԿ աշխատակիցների կողմից իրենց առեւտրի կետերում պարբերաբար ստուգումներ կազմակերպելու դեմ: Նրանք բողոքում են՝ պնդելով, որ հարկայինի աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ ճնշումներ են իրականացվում:

Առեւտրականների պատմելով` ՊԵԿ աշխատակիցներ ներկայացող անձինք կանգնում են առեւտրի կենտրոնի մուտքերի մոտ եւ ստուգում անգամ գնորդների տոպրակների պարունակությունը: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվեց` ինչու է ՊԵԿ-ը նման վերահսկողություն իրականացնում «Առինջ Մոլ»-ում, այլ ոչ թե «Փեթակ» կամ «Սուրմալու» առեւտրի կենտրոններում: Գուցե պատճառն այն է, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի սեփականատերը ՀՀ նախագահի նստավայրի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանն է:
Մեր հարցմանը ՊԵԿ-ից պատասխանեցին. «Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում՝ այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպես կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել խոշոր բիզնեսի փոխարեն փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն եւ չհարկվող շրջանառության դեմ կողմնակալ պայքար իրականացնելու մասին: Ի դեպ, «Փեթակ», «Սուրմալու» եւ առեւտրի կազմակերպման եւս 22 այլ վայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողները ՊԵԿ-ի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները, իսկ «Առինջ Մոլ»-ը ցանկացած` անգամ հարցը քաղաքականացնելու գնով ջանք չի խնայում` խուսափելու հարկերը ողջ ծավալով հայտարարագրելուց եւ վճարելուց»: Ըստ ՊԵԿ-ի` «Առինջ Մոլը» ունենալով ամենաշատ հարկ վճարողների քանակը՝ համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում: «Մասնավորապես` եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող` ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ Մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն»:
Այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ը գրեթե բաց տեքստով ասում է, որ իրենք ծրագրել են «Առինջ Մոլ»-ից ավելի շատ հարկ «պոկել» եւ չեն պատրաստվում նահանջել, քանի դեռ իրենց նպատակին չեն հասել: Ավելին՝ խոստովանում են, որ համանման մյուս տոնավաճառների հետ կապված եւս խնդիրներ են եղել, բայց նրանք հնազանդվել են եւ «ՊԵԿ-ի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները», այսինքն՝ սկսել են ավելի շատ հարկ վճարել: Մի խոսքով, կառավարությանը գումար է պետք, եւ ՊԵԿ-ը որտեղից կարող է, փորձում է առավելագույնը ստանալ:

Ս. Հ.

 

 

 

ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ` ԱՌԱՆՑ ՋՐԻ
Բարեկամավանցիներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք հաշվել են Ռուսաստանի դպրոցներում սովորող իրենց համագյուղացիների երեխաների թիվը, որը կազմել է ավելի քան 300 հոգի: Մայիս Ղարաքեշիշյանի անվան Բարեկամավանի միջնակարգ դպրոցի աշակերտները թիվը 19-ն է: Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ուսումնական տարում դպրոցը չունի 1-ին, 2-րդ եւ 5-րդ դասարաններ, 4-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններն ունեն մեկական աշակերտ: Նա ասաց, որ նոյեմբերի 12-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծության ժամանակ գնդակը խոցել է դպրոցի պատուհաններից մեկը, դպրոցի մեկ այլ պատուհան ադրբեջանական գնդակոծությունից ավելի վաղ է վնասված եղել:
Չնայած դպրոցի պատուհանները ձեւափոխվել էին, նեղացվել, սակայն դա էլ չի փրկում ադրբեջանական գնդակոծությունից: Ըստ դպրոցի տնօրենի՝ նոյեմբերի 12-ի գնդակոծությունից վնասվել են նաեւ դպրոցի տանիքի ազբեստից ծածկը, եւ անձրեւի ժամանակ այդ վնասներն իրենց զգացնել կտան: Այս տարվա սեպտեմբերից Բարեկամավանի դպրոցը սնուցող խմելու ջրի պոմպը շարքից դուրս է եկել, կրթօջախը մնացել է առանց ջրի: Ա. Ազատյանի խոսքերով` իրենք 4 տոննա տարողութամբ ջրի տարրա ունեն, անձրեւաջրերն են հավաքում ու դպրոցում օգտագործում: Դպրոցի տնօրենն ասաց, որ ջրամղիչ պոմպն ուղարկվել է նորոգման:
Ի դեպ, մինչեւ պոմպի խափանվելը դպրոցը ջուր ստացել է շաբաթը մեկ անգամ` ուրբաթ օրերին: Ներկայումս Բարեկամավանի դպրոցի շենքում սանիտարական հանգույցներ չեն գործում, քանի որ ջուր չկա: Դպրոցի զուգարանը շենքից դուրս է, ոչ հեռու, կառուցված պաշտպանիչ պատի եւ դպրոցի շենքի միջնամասում: Բարեկամավանի դպրոցն ապահովված է տեղացի ուսուցիչներով, սակայն ռուսերեն եւ անգլերեն լեզուների ուսուցչուհիները գալիս են հարեւան Կոթի գյուղից, որը 8 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Ըստ Ա. Ազատյանի՝ 1972-1980 թվականներին իրենց գյուղի ութամյա դպրոցը ունեցել է 300-330 աշակերտ, եթե այդ թվին ավելացնենք նաեւ 9-ից 10-րդ դասարանցիներին, որոնք Կոթի գյուղի միջնակարգ դպրոց են հաճախել, աշակերտների թիվը հասել է 400-ի: Ինքը՝ տնօրենը, սովորելիս է եղել Բարեկամավանի ութամյա դպրոցում, իրենց դասարանում եղել է 36 աշակերտ: Նա սահմանամերձ գյուղի դատարկվելը ոչ այնքան ադրբեջանական գնդակոծություններով է պայմանավորում, որքան մարդկանց աշխատանք չունենալով: Բարեկամավանի հողերը սահմանամերձ են, մշտապես գտնվում են ադրբեջանական գնդակոծության վտանգի ներքո, ուստի չեն մշակվում, մարդիկ էլ գոյատեւելու այլ հնարավորություն չունենալով՝ արտագաղթում են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս