Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հազարավոր աջակիցների օգնությամբ կարողացել է դուրս գալ ոստիկանական մեքենայից ու ազատվել ձեռնաշղթաներից: Դրանից հետո նա Կիևի կենտրոնում հավաք է անցկացրել՝ կոչ անելով ուկրաինացիներին փողոց դուրս գալ և խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության:
Ինչ կատարվեց այսօր Ուկրաինայում
Գլխավոր դատախազության քննիչներն ու Անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները Սաակաշվիլիի` Կիևի կենտրոնում գտնվող բնակարան մուտք գործեցին այն պահին, երբ նա, տեղեկանալով մեկնարկած գործողության մասին, արդեն լքել էր բնակարանն ու բարձրացել 8 հարկանի շենքի տանիք:
Մինչ հատուկ ջոկատայինները Վրաստանի նախկին նախագահին իջեցնում էին կտուրից և հետևելով օրենքով սահմանված ընթացակարգերին` նրան պատմում էին, թե ինչ կասկածանքով են բերման ենթարկում, հատուկ գործողության վայրում հասցրին հավաքվել Սաակաշվիլիի աջակիցները:
Նրանց հաջողվեց արգելափակել «Ֆորդ» մակնիշի այն միկրոավտոբուսը, որում այդ պահին գտնվում էր Սաակաշվիլին: Իրավապահներն այդպես էլ չհասցրին նրան տեղափոխել դատախազություն: Դրանից հետո նրա կողմնակիցները շարժվեցին դեպի Գերագույն Ռադայի շենք: