«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավորներից ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը նախաձեռնել է ստեղծել ոչ ֆորմալ ակումբ, որտեղ քննարկվելու են ժողովրդագրական միտումները. երեկ այդ մասին նա խոսել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ հրավիրելով քաղաքական ուժերին ու փորձագետներին մասնակցել այդ ակումբի աշխատանքներին: Ամենայն հավանականությամբ, Ֆարմանյանը որոշել է ետ չմնալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանից:
Բանն այն է, որ նոր խորհրդարանի կազմավորումից հետո՝ հունիսին, Աշոտյանն իր ղեկավարած հանձնաժողովին կից «Անալիտիկ» անվանումով խորհուրդ էր ստեղծել՝ հրավիրելով նախկին ու ներկա դիվանագետների, փորձագետների: Իսկ նպատակը պետք է լիներ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարբերաբար քննարկումների շարք ծավալելը: Աշոտյանի նախաձեռնած ակումբին մասնակցելուն արձագանքել էին նաեւ լուրջ գործիչներ, եւ հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա Ֆարմանյանի նախաձեռնությունը: Նկատենք, որ Ֆարմանյանը կզբաղվի այն գործառույթներով, որը կոչված է իրականացնել ՀՀԿ-ական սոցապնախարարը»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: