ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ զրուցել է առողջաահության նախարարությունում առկա խնդիրների շուրջ:

-Պարո՛ն Ալթունյան, նոյեմբերի 14-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանը մահանա, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը: Ավելին՝ կալանավորի էպիկրիզը ուղարկված է Ձեզ, սակայն նախարարությունը պատասխանել է, թե այս պահին պետպատվերի խնդիրը լուծված չէ: Սա պատասխան է՞:
-Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առանձնահատուկ, եթե թույլ տաք, կվերլուծենք միայն հիվանդի անուն, ազգանունը ունենալուց հետո:
-Մեկ շաբաթ առաջ մենք այդ մասին հրապարակել ենք, ավելին՝ նախարարությանը ներկայացրել ենք, թե որ կալանավորը ինչ խնդիր ունի. խոսքը կալանավոր Էրիկ Սարգսյանի մասին է: Այսքան ժամանակ չե՞ք ուսումնասիրել՝ ունենալով հիվանդ կալանավորի հիվանդության պատմությունը:
-Երկար ժամանակ հիվանդը չի կարող ծայրահեղ վիճակում գտնվել: Դրա համար եմ ասում՝ թույլ տվեք էրիկի հիվանդության պատմության հետ ծանոթանամ, միգուցե որակավորումը փոխվի: Տիկին Զոհրաբյանի կամ Ձեր համար դա ծայրահեղ ծանր է, ինձ համար դա միջին ծանրության է կամ բարենպաստ, պետք է ուսումնասիրեմ:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ուսումնասիրեք: Ստացվում է, որ կալանավոր կլինի, թե հասարակ քաղաքացի՝ վատառողջ գնում են հիվանդանոց, որտեղ պատասխանում են, թե պետպատվերը վերջացել է: Այսինքն՝ մարդի՛կ, գնացե՛ք, մահացե՛ք:
-Նախարարությունը աշխատում է օպերատիվ ռեժիմով եւ բոլոր հարցումների պատասխանում է երկուսից հինգ օրվա ընթացքում, ինչ վերաբերում է այն կարծիքին, որ ուզում են ձեւավորել, դա խեղաթյուրում է:
-Փաստերը խեղաթյուրո՞ւմ: Պարո՛ն նախարար, նախարարության աշխատակիցները, եթե պետք է՝ որեւէ տեղ գործուղման գնան երկրում, չեն գնում, քանի որ կրճատումներ եք արել եւ մարդկանց ասել, թե արդյունքում իրենք պետք է իրենց միջոցներով գնան ու չեն գնում, ի՞նչ եք պատրաստվում անել:
-Դուք գիտեք՝ այդպիսի բարեփոխումներ տեղի ունեցել են, բայց բարեփոխումները ինչի՞ն են վերաբերում: Եթե ստուգման վայրը գտնվում է ոչ ավելին, քան 50 կիլոմետր հեռավորության վրա, եւ ստուգումը հնարավոր է կատարել աշխատանքային ժամերին, եւ մեքենան կա, վառելանյութը տրամադրում է նախարարությունը, այդ դեպքում գործուղման այդ գումարը չի տրամադրվում, դա համարվում է աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանք: Իսկ եթե հեռավորությունը շատ ավելին է, եւ պետք է գիշերել, դա համարվում է գործուղում, եւ դրա համար վճարվում է: Եթե աշխատակիցը չի կարողացել ապացուցել գնալու անհրաժեշտությունը, պարզ է, որ դա մերժվում է:
-Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ հոգեբուժական կենտրոնները 25 դատական հայց են ներկայացրել դատարան, որ քաղաքացիներին հարկադիր բուժման ենթարկեն, կան դեպքեր, որ դատարանները մերժել են, քանի որ քաղաքացին հայտնել է, որ չի ցանկանում բուժվել, մինչդեռ հարազատները պնդում են, որ նա հանրությանը իր ընտանիքի անդամների համար վտանգ է ներկայացնում: Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը:
-Տեսնում եք, ես չգիտեմ, որ դեպքերի մասին է խոսքը, բայց միշտ այդ հակասությունը կա, կոնկրետ անձի ազատության աստիճանը եւ հասարակության պաշտպանվածության աստիճանը: Միշտ հակասությունը կլինի, բալանսի մեջ է ճշմարտությունը: Եթե անձը վնաս է ներկայացնում հասարակության համար, միջնորդագիրը կա՛մ պետք է իրավապահ համակարգին տրամադրի, կա՛մ հարեւանները, կա՛մ բարեկամները պետք է իրավապահներին հայտնեն, նրանք էլ դիմեն բուժհասատատություն, ու նոր անձին հարկադիր բուժման ներկայացնեն: Բայց պետք է նշեմ, որ նույն հարցը մեզ մոտ սպասվում է տուբերկուլյոզի մասով, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ տուբերկուլյոզով հիվանդները ընդահատում են իրենց բուժումը եւ մեկնում են Ռուսաստան, վերադառնում են արդեն կայուն տուբերկուլյոզի տեսակներով: Մենք երեւի թե նախաձեռնենք կառավարության որոշում կամ այլ որեւիցե իրավական ակտ, որի ուժով կկարողանանք այդ անձնավորություններին կարանտինի ենթարկենք մինչեւ բուժումը:
-Այսինքն՝ տուբերկուլյոզով հիվանդությամբ տառապող մարդկանց եւս հարկադիր բուժման կենթարկե՞ք:
-Այո՛, բուժումը մինչեւ վերջ տանել հարկադիր կերպով: Հակառակ դեպքում մենք տուբերկուլյոզը Հայաստանում չենք հաղթահարի, նախարարությունը նախատեսում է մինչեւ 2021 թվականը զրոյացնել տուբերկուլյոզի հիվանդների քանակը Հայաստանում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ մամուլում հրապարակվել էր այն մասին, որ մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծեծի է ենթարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի կողմից: Ի դեպ, վերջիններս եղբայրներ են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ավագ քննիչի եւ դատախազ եղբայրների վիճաբանությունը կապված է եղել աշխատանքային գործունեության հետ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ծեծի նյութերն ուղարկել հատուկ քննչական ծառայություն` հանգամանքները ստուգելու նպատակով: Ինչով կավարտվի այս վիճաբանությունը, ցույց կտան ՀՔԾ-ի կողմից համապատասխան ուսումնասիրությունները:

 

 

ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՐԿԻԶՈՒՄ
Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կալանավորը ՔԿՀ ղեկավարության կողմից համապատասխան դեղեր չստանալու արդյունքում հրկիզել է Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի պատժախուցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքից հետո դատապարտյալ Գարիկ Մելքոնյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս առիթով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ այս դատապարտյալն առաջին անգամ չէ, որ նման քայլի է գնում: Այս տարվա օգոստոսին Գարիկ Մելքոնյանը ոտքերը էլի մեխել էր հատակին: Հիմա էլ դատապարտյալը հայտարարել է, որ իրեն գամերից չի ազատի, մինչեւ նախարար Դավիթ Հարությունյանի հետ չհանդիպի. ինքը նախարարին դիմելու հացեր ունի:
Նշենք, որ նույն դատապարտյալը 4 ամիս առաջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Արմավիր» ՔԿ հիմնարկ եւ այդ ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել:
Իսկ նախարար Հարությունյանը դեռ որեւէ արձագանք չի տվել:

 

 

ԳՆԱՑՔԻ ՏԱԿ
Հարավկովկասյան երկաթուղու գնացքի տակ է ընկել 26-ամյա Լ. Ս.-ն, որին անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Հարվածի հետեւանքով երիտասարդը ստացել է մի շարք մարմնական վնասվածքներ: ԲԿ-ի տնօրեն Վարդան Աբովյանի փոխանցմամբ՝ տղան հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, ձախ ոտքի բաց կոտրվածք, արյունահոսություն, գլխի եւ մեջքի շրջանում առկա են վերքեր: Երիտասարդի վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կայուն, ուղարկվել է ԿՏ հետազոտության: Այս պահին տղայի կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

ՈՉԻՆՉ ՉԱՐԵՑ
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հիշեցրել է, որ դեռ գարնանը զգուշացրել էր հնարավոր թանկացումների մասին։ «Ամռանը երաշտ եղավ, ոչ մի նախարարություն չհայտարարեց դրա մասին։ Եթե նախկին գյուղնախարարները երաշտի ժամանակ օգնություններ բերեցին Հայաստան, այսօր մեր նախարարությունը ոչինչ չարեց՝ գյուղացուն օգնելու համար։ Արդյունքում՝ անասունների գլխաքանակը պակասելու է, միսը թանկանալու է, կաթնամթերքն է թանկանալու, ինչն այսօր տեսնում ենք։ Նույնը՝ թռչնաբուծության մեջ։ Անցած տարի մեկ հակ խոտը 400 դրամ էր, այս տարի 2000 դրամ է, եւ, բնականաբար, միսը պետք է թանկանար, բա ի՞նչ պետք է աներ։ Հատիկային կուլտուրաների բերքը պակաս է եղել, թող ճիշտն ասեն»,- պարզաբանել է նա։

 

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵԼ Է
2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների հերթական դատական նիստում ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Մուշեղ Շուշանյանը ներկայացրել է իր պաշտպանյալ Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ ազատ արձակելու, կամ գրավով փոխարինելու միջնորդություն: Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արթուր Չախոյանը միջնորդությունների դեմ առարկել են՝ ընդգծելով մեղսագրվող արարքների բնույթը եւ քննությունից թաքնվելու հավանակությունը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշել է երկու միջնորդությունն էլ մերժել: Իսկ դա նշանակում է, որ նշյալ ամբաստանյալները շարունակելու են մնալ կալանավորված:




Լրահոս