ԱՐՓԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻՆ Է ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգերի նորովի մշակումներով հանդես եկող երգչուհի Արփին (Արփինե Շահնուբարյան) սպասում է իր երկրորդ զավակին։ Նրա որդին կծնվի մայիսին։ Արփին «Ժողովուրդ»-ին պատմել է իր ապրած զգացմունքների, օրորոցային երգեր ներառող CD-ի ձայնագրության, իր հեղինակած ստեղծագործությունների եւ այլ թեմաների մասին։

-Արփի՛, այժմ ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ նորություններ ունեք երկրպագուների համար։
-Այս ամառվանից աշխատում եմ հին հայկական օրորոցային երգերի CD-իս վրա։ Համագործակցում եմ «Գաթա» բենդի Գարեգին Առաքելյանի եւ ԴերՀովայի հետ։ Թերեւս 14-15 օրորոցայինի անդրադարձ կկատարեմ։ Հույս ունեմ՝ CD-ն գարնանն արդեն կթողարկվի։ Այս ընթացքում ձայնագրում եմ նաեւ իմ գրած նոր երգերը։
-Դրանք ի՞նչ ժանրի ստեղծագործություններ են։
-Դրանք փոփ ժանրի ստեղծագործություններ են, բայց այդ գործերի թիվն այնքան էլ մեծ չէ։ Գուցե երգերում առկա լինեն ժողովրդականի որոշակի տարրեր։ Ուզում եմ որակյալ մշակողների հետ աշխատել։ Կարծում եմ՝ այսօր Հայաստանում որակյալ փոփի կարիք կա։ Երգիչները պարբերաբար վերցնում են հին երգերը ու կատարում են նորովի, բայց թարմության պակաս կա։ Գուցե իմ այդ գործերը կատարեմ բենդիս հետ։
-Գիտենք, որ վերջերս Ավստրալիայում էիք, կպատմե՞ք՝ այնտեղ ում համար ելույթներ ունեցաք։
-Ինձ տեղի հայկական համայնքն էր հրավիրել։ Կա հիմնադրամ, որը մեծ բարեգործություններ է անում Հայաստանի համար, ես էլ այդ միջոցառումների շրջանակում հանդես եկա ելույթներով։ Այդքան հեռավոր երկրում հայկական համայնքի համար ներկայանալն ինձ համար մեծ բան էր։ Բայց ամենակարեւոր նորությունն այն է, որ երկրորդ բալիկիս եմ սպասում։
-Լավ նորություն է, իսկ սեռը հայտնի՞ է։
-Այո՛, տղա է, լույս աշխարհ կգա մայիսին։ Ի դեպ, հիմա ինձ համար օրորոցային երգեր կատարելու համար իդեալական կարգավիճակն ապահովված է։ Նույնիսկ մի քանի երգեր, որոնք ձայնագրել էի մինչ հղիությունը, մտադիր եմ նորից ձայնագրել՝ նոր կարգավիճակում զգացողություններս ճիշտ փոխանցելու համար։
-Հենց այդ զգացողությունների մասին էլ կցանկանայի՝ պատմեիք։
-Հիմա դեռ ոչինչ չեմ հասկանում, քանի որ դուստրս՝ երկուամյա Արեւիկը, ամբողջովին լցնում է օրս։ Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում ինձ՝ որպես տղայի մայր, բայց, իհարկե, սպասումներս մեծ են։ Միշտ ուզեցել եմ 2015-ին երեխա ունենալ, որպեսզի Ցեղասպանության զոհերից գոնե մեկի պակասը լրացնեմ։ Այդ ցանկությունս իրականացավ։ Երազել եմ ունենալ նաեւ որդի, որպեսզի զինվոր տամ հայրենիքիս, Աստծո կամոք, դա էլ կկատարվի։
-Իսկ երկրորդ բալիկի ծնունդով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ պասիվացնեք Ձեր երաժշտական գործունեությունը։
-Ես միշտ փորձել եմ այնպես անել, որ գործնականն ու անձնականը իրար չխանգարեն։ Երբ սպասում էի առաջնեկիս, մինչեւ հղիությանս վերջին օրը երգել եմ։ Կարծում եմ՝ շարժման, աշխատանքի մեջ լինելը կնոջը հաղորդում է էներգիա, որը շատ կարեւոր է։ Ես նվնվան հղիներից չեմ (ծիծաղում է)։ Իհարկե, ժամանակ եմ տրամադրում նաեւ հանգստին, փորձում եմ այդ բալանսը պահել։ Այս փուլում փորձում եմ օգտվել իմ հանգիստ վիճակից եւ ձայնագրություններ եմ անում։
-Իսկ «Հայվեյ» խմբի երաժիշտների հետ կշարունակե՞ք համագործակցել։
-Բենդի հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ։ Առհասարակ, այդ բենդն իմ երաժշտական կյանքի մեծագույն ձեռքբերումներից մեկն է, այն ինձ համար բոլորովին ուրիշ աշխարհ է։ Բենդի անդամների հետ շատ լավ ընկերներ ենք, մտերիմ ենք անգամ ընտանիքներով։ Ընդհանրապես, ինձ համար առանց երաժիշտների, միայնակ ներկայանալը բավական բարդ է, միշտ սովոր եմ թիկունքիս ունենալ այդ աջակցությունը։ Այնպես որ, մեր համագործակցությունը դեռ երկար կյանք կունենա։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՈՒՄ, ՔԱՆ ԱՆՁՆԱԿԱՆԸ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների կյանքի՝ քչերին հայտնի դրվագների, վերջիններս անկեղծանում են, կատարում են խոստովանություններ։ Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Ռիփփին է։

Նա առաջին անգամ համեմատաբար լուրջ սիրահարվածություն ունեցել է 22 տարեկանում, իսկ մինչ այդ ունեցած սիրահարվածությունների մասին նույնիսկ չի էլ հիշում. «22 տարեկանում ունեցածս զգացմունքները կառանձնացնեի, բայց հետադարձ հայացք նետելով դեպի այդ ժամանակներ՝ կարող եմ ասել, որ դա էլ շատ լուրջ չէր։ Այդ ժամանակ ես տարված էի իմ կարիերայով, իմ գործնական կյանքում բավական բուռն էտապ էր, ես հետաքրքրված էի լրիվ ուրիշ բաներով։ Երեւի դա էր պատճառը, որ մեր հարաբերությունները չշարունակվեցին»,-պատմեց երգչուհին՝ հավելելով, որ հիմա այդ տղայի հետ շփում չունի։
Նա կատակով նշեց, որ ամենամեծ սերը տածում է կենդանիների նկատմամբ. «Փոքր ժամանակ միշտ երազել եմ շուն ունենալ, եւ հայրս նվիրեց ինձ շնիկ, ամենամեծ սերս նա է եղել (ծիծաղում է)»։
Կան կանայք, որոնք ասում են, որ իրենց կողքին միշտ պետք է տղամարդ լինի, այնինչ՝ Ռիփփին նրանց թվին չի պատկանում. «Ես ինձ կանվանեմ կարիերիստ, շատ եմ սիրում իմ գործը։ Եթե պասիվ կերպով աշխատեմ, բայց կողքիս տղամարդ լինի, ես կնեղվեմ դրանից։ Ինձ համար ավելի կարեւոր է աշխատանքը։ Պետք է կարիերան չզոհեմ անձնականիս, որ հանգիստ լինեմ»,-շեշտեց Ռիփփին։
Հարցին, թե ինչ հատկություններով օժտված տղամարդիկ են հայտնվում իր ուշադրության կենտրոնում, Ռիփփին պատասխանեց. «Ինձ միշտ գրավում է տղամարդու ինտելեկտը, ուժը։ Ամենակարեւորը՝ նա պետք է լավ մարդ լինի»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ հեշտ է արդյոք երգչուհին ընտրում իր կողքի տղամարդուն. «Ո՛չ, շատ դժվարությամբ եմ ընտրություն կատարում, տարիների ընթացքում է՛լ ավելի բծախնդիր եմ դարձել»,-անկեղծացավ մեր զրուցակիցը։
Իսկ հարցին, թե կցանկանար արդյոք, որ Ամանորին Ձմեռ պապիկն իրեն երկրորդ կեսին գտնելու հնարավորություն տար, երգչուհին խոստովանեց. «Անկեղծ ասած՝ արդեն ուրիշ ցանկություն եմ պահել՝ կապված գործնականի հետ։ Իսկ այդ մասին չէի մտածել, բայց հիմա արդեն կմտածեմ»։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս