Գրավը չօգնեց կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Լեւոն Արազյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Միջնորդությունը ներկայացրել է նախկին դատավորի պաշտպան Հովիկ Սուքիասյանը: Ներկայումս ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Լեւոն Արազյանի դատավարությունը:

Նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Նախկին դատավորն իր միջնորդությունը նախ ներկայացրել էր առաջին ատյանի դատարան եւ մերժում ստանալուց հետո վերաքննիչ բողոք ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանն էլ վերաքննիչ բողոքը քննելուց հետո որոշել է. «Ամբաստանյալ Լեւոն Արազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժել»:

Ի դեպ, վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանը կարող է բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան: Սակայն նման բողոքարկումները, որպես կանոն, երբեւէ արդյունք չեն տալիս:




Լրահոս