Համագործակցությություն կրթության ոլորտում. ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ՀՈԴՎԱԾ 86
Կողմերը պետք է խրախուսեն համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ մասնավորապես՝ սոցիալական գործընկերների ներգրավումը Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակման եւ բարեփոխումների գործընթացին եւ Կողմերի միջեւ սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությանը։

ՀՈԴՎԱԾ 87
Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել զբաղվածության եւ սոցիալական քաղաքականության հարցերի շուրջ համագործակցությունը՝ տարածաշրջանային, բազմակողմ եւ միջազգային համապատասխան բոլոր ֆորումներում եւ կազմակերպություններում։

ՀՈԴՎԱԾ 88
Կողմերը պետք է խթանեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը եւ խրախուսեն պատասխանատվություն նախատեսող այնպիսի գործարար փորձը, ինչպիսին բազմազգ ձեռնարկությունների համար ՏՀԶԿ ուղեցույցերով, ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրով, ԱՄԿ-ի՝ բազմազգ ձեռնարկություններին եւ սոցիալական քաղաքականությանն առնչվող սկզբունքների եռակողմ հռչակագրով եւ ISO 26000-ով խրախուսվող փորձն է։
ՀՈԴՎԱԾ 89
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։

ՀՈԴՎԱԾ 90
Հայաստանը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ VII հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 16
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 91
Առողջապահությանն առնչվող համընդհանուր արժեքներին եւ սկզբունքներին համապատասխան եւ որպես կայուն զարգացման ու տնտեսական աճի նախապայման՝ Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը հանրային առողջապահության ոլորտում՝ դրա մակարդակը բարձրացնելու նպատակով։


ՀՈԴՎԱԾ 92
Համագործակցությունը պետք է անդրադառնա վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց նկատմամբ հսկողությանը, այդ թվում՝ առողջապահության վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով՝ «բոլոր տեսակի քաղաքականությունների դեպքում՝ առողջապահության սկզբունք» մոտեցման խթանմանը, միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությանը, եւ առողջապահությանն առնչվող այնպիսի միջազգային համաձայնագրերի իրականացման խթանմանը, ինչպիսիք են առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան եւ միջազգային առողջապահական կանոնակարգերը։
ԳԼՈՒԽ 17

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 93
Համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու համար Կողմերը պետք է փոխգործակցեն կրթության եւ վերապատրաստման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ վերապատրաստման համակարգերը Եվրոպական միության քաղաքականություններին ու գործելակերպերին մոտարկելու նպատակով։ Կողմերը պետք է համագործակցեն մշտական կրթությունը խթանելու հարցում, ինչպես նաեւ խրախուսեն կրթության եւ վերապատրաստման բոլոր մակարդակներում համագործակցությունն ու թափանցիկությունը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մասնագիտական եւ բարձրագույն կրթությունը։
ՀՈԴՎԱԾ 94
Կրթության եւ վերապատրաստման ոլորտում համագործակցությունը պետք է կենտրոնացած լինի, ի թիվս այլնի, հետեւյալ ոլորտների վրա՝
ա) մշտական կրթության խթանում, ինչն աճի եւ աշխատատեղեր ստեղծելու բանալին է, եւ քաղաքացիներին կարող է ընձեռել հասարակության մեջ լիարժեք կերպով ներգրավվելու հնարավորություն,
բ) կրթության եւ վերապատրաստման համակարգերի, այդ թվում՝ պետական/քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգերի արդիականացում, ինչպես նաեւ որակի, վերաբերելիության եւ հասանելիության մակարդակի բարձրացում կրթության սանդուղքի միջոցով՝ վաղ մանկության կրթությունից ու խնամքից մինչեւ միջնակարգ եւ բարձրագույն կրթություն,

Շարունակելի…




Լրահոս