ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չէր կարող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին հորդորել զորացրման զեկուցագիր ներկայացրել առանց նախագահ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցման:
«Էդ պայմանավորված բան է, բնական է, որ երկրի նախագահի հետ պետք է համաձայնեցվեր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը` դժավարանալով ասել, թե ինչու իշխանությունը որոշեց ազատվել Հայկազ Բաղմանյանից:
Միևնույն ժամանակ փաստեց՝ գեներալ-լեյտենանտն ունի անցած ճանապարհ և որոշակի ներդրում է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ: «Հիմա գիտեք՝ ես ուր եմ հայտնվել, էդ մարդը՝ ուր, տարբեր բևեռներում ենք եղել:
Մենք եղել ենք մարտական ընկերներ, բայց չեմ կարող ասել, թե հետագայում իր գործունեությունն ինչ կերպ է ծավալել՝ մնալով իշխանության մեջ»,- շարունակեց Սասուն Միքայելյանը: Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրեց Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը:
Մինչ այդ էլ՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Հայկազ Բաղմանյանն իր հորդորով է զորացրման զեկուցագիր գրել՝ որպես պատճառ նշելով գեներալի կողմից աշխատանքային պարտականություններում թերացումը:
Բայց թե կոնկրետ ինչ հարցում է գեներալ Բաղմանյանը թերացել, այդպես էլ Վիգեն Սարգսյանը չէր նշել: Տարիներ շարունակ ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի անունը կապվում է մի շարք քրեական պատմությունների և բիզնեսների հետ:
Սասուն Միքայելյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանում երբևէ չի եղել դեպք,որ պաշտոնյան, բացի զբաղեցրած պաշտոնից ազատվելուց, նաև քրեական պատասխանատվության ենթարկվի՝ իր անվան հետ կապված որևէ միջադեպի առնչությամբ: «Տարբեր բնագավառներում բարձր պաշտոն զբաղեցրած անձինք ազատվել են և վերջ, ոչ մի պատասխանատվություն չեն կրել, դրա համար էլ էս օրն ենք ընկել:
Ես նկատի չունեմ Բաղմանյանին, առհասարակ եմ ասում»,- շարունակեց Միքայելյանը: Երեկվանից Վիգեն Սարգսյանի այդ քայլը փորձ է արվում ներկայացնել որպես առանձնահատուկ խիզախություն, ինչպես է այդ քայլը գնահատում Սասուն Միքայելյանը: Factor.am-ի այս հարցին պատգամավորը պատասխանեց.
«Գիտեք՝ դժվարություն չկա ազատելու հետ կապված, բայց եթե մի պաշտոնյա՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի կամ որևէ այլ մեկի, տարիների ընթացքում ծառայել է ոչ ի փառս մեր ժողովրդի, պարզապես ինչ-որ ծառայություն է մատուցել՝ թելադրանքով, հիմա չգիտեմ՝ էդ ինչ մեծ փառաբանություն է Բաղմանյանին ազատելը, թող ազգային հերոսի կոչում տան Վիգեն Սարգսյանին»,- հեգնեց պատգամավորը՝ նշելով, որ պետական պաշտոնյան պետք է ծառայի ի փառս ժողովրդի, և որևէ մեկը հանցագործ չի դառնա, եթե նրա ձեռքը ժամանակին բռնեն:
Մանրամասները՝ տեսանյութում: