ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանգնել էին նրանց գլխավերեւում՝ որպես փաստաթղթի երաշխավորներ:
Հայաստանի քաղաքական դաշտը երեկ, շունչը պահած, սպասում էր այս փաստաթղթի ստորագրմանը: Կասկածից վեր է, որ այս համաձայնագրի ստորագրումը Հայաստանի քաղաքական կյանքում վերջին տարիներին տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձությունն է: Բայց մյուս կողմից այս փաստաթղթի հետ կապված դրական ակնկալիքները չափազանցված են եւ շատ շուտ կմարեն: Ինչո՞ւ, որովհետեւ 2015թ. դեկտեմբերի 21-ին 18 միլիոնանոց բնակչություն ունեցող, ԵԱՏՄ անդամ երկիր Ղազախստանը նմանատիպ պայմանագիր ստորագրել է ԵՄ-ի հետ, բայց առ այսօր ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ չի դարձել:
Սակայն հարկ է նկատել, որ այս համաձայնագրի ստորագրումը էական ազդեցություն կունենա Հայաստանի հետագա քաղաքական կյանքի վրա: Բանն այն է, որ այս համաձայնագրի ստորագրմամբ Սերժ Սարգսյանը կատարեց եվրոպական կառույցներին դեռեւս 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից հետո տված իր խոստումը: Այսպիսով՝ եվրոպական կառույցները առանձնապես դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի 2018-ի ապրիլի 9-ից հետո «երրորդ ժամկետ» պաշտոնավարելուն՝ որպես ՀՀ վարչապետ:

 

 

 

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ ՀՀ ԿԸՀ շենքի առջեւ շարունակել է իր բողոքի ակցիան: Նա ԿԸՀ-ից պահանջում է իրեն ձեւաթուղթ տրամադրել, որ կարողանա սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու ստորագրահավաք սկսել: ԿԸՀ-ն հրաժարվում է նրա պահանջը կատարել, քանի որ Սահմանադրության համապատասխան դրույթը ուժի մեջ է մտնելու եկող տարվա ապրիլի 9-ից հետո: Ինչեւէ, ԱԻՄ նախագահը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվի, ինչին չի հավատում, ապա ինքն իրեն կպատժի եւ 6 ամիս լրագրողների հետ չի շփվի: Երեկ՝ համաձայնագրի ստորագրումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթը Հայրիկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատժի խոստումն ուժի մեջ է: «Քանի որ խոստացել եմ, ցավոք, պետք է կատարեմ: Այդ խոստումը ես նախկինում էլ էի հնչեցրել, եւ դա վերաբերում էր ասոցացման համաձայնագրին: Այս համաձայնագիրը ասոցացմանից տարբերվում է, բայց, դե, մանրուքների մեջ չեմ խորանում: Ու այսօրվա (երեկվա) ասուլիսն առաջիկա վեց ամիսների իմ վերջին շփումը կլինի լրագրողների հետ»,- պատասխանեց Հայրիկյանը:

 

 

 

Արդեն տեւական ժամանակ է, ինչ պետական մարմինները, մասնավորապես պետեկամուտների կոմիտեն, ստուգումների շարք է սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ստուգումներն անցկացվում են ամառվանից սկսած, այն էլ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով: Մեր աղբյուրների պատմելով՝ Կարապետյանն այդպես է վարվել՝ ակնկալելով, որ Ծառուկյանն «իր դուռը կգնա» կամ գոնե կզանգահարի: Սակայն Ծառուկյանը, ընդհակառակը, որոշել է հակառակ մարտավարությունը որդեգրել՝ հանգիստ սպասելով ստուգումների ավարտին, որքան էլ որ դրանք երկարում են: Նկատենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, խոսելով Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումների մասին, ասել է, թե ինքը որեւէ մեկին չի թիրախավորել. «Հիմա ում մոտ ստուգում է իրականացվում, ես թիրախավորո՞ւմ եմ»,- անկեղծացել է նա:

 

 

 

Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410, իսկ պրեմիումը՝ 430 դրամով: Նկատենք, որ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումը` 390 դրամ: Հատկանշական է փաստը, որ սովորաբար ամեն անգամ, երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, Հայաստանում անմիջապես բենզինի գինը բարձրանում է, սակայն էժանացումների դեպքում շուկան նույն օպերատիվությամբ չի արձագանքում: Իսկ այս վերջին թանկացումների պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այն է, որ 2018թ. տարվա հունվարի 1-ին երբ ուժի մեջ մտնի հարկային օրենսգիրքը, բենզինի համար ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի միասնական դրույքաչափը 1 տոննայի համար կսահմանվի 120 հազար դրամ: Ու հիմա բենզին ներկրողները դեռեւս սեպտեմբերից սկսել են բենզինի գինը աստիճանաբար բարձրացնել, որպեսզի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումից հետո ստիպված չլինեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ներդնել:

 

 

 

ԱՄՐԱՊՆԴԵՑԻՆ ՊԻՏԱԿԸ
Հայաստանի իրավապահ համակարգն ապշեցնում է իր անհեթեթ որոշումներով: Հերթական դեպքը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավել Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործն է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանելու համար: Գործի նախաքննությունը երեկ ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ «Մանուկյանը՝ չենթարկվելով նիստը նախագահող դատավորի օրինական կարգադրություններին՝ շարունակել է առանց վերջինիս թույլտվության խոսել, իսկ նիստը նախագահող Գաբրիելյանի կողմից՝ իրեն դատական նիստերի դահլիճից 10 ժամով հեռացնելու վերաբերյալ դատական սանկցիա կիրառելուց հետո ոտնձգել է արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին, ինչպես նաեւ դատավորի պատվի ու արժանապատվության դեմ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ՝ նիստը նախագահող դատավորին անվանելով «ցռան մոզի»»: Հետաքրքրական է նաեւ փաստը, որ դատավոր Գաբրիելյանը, ում հասցեագրված էին վերոհիշյալ խոսքերը, ո՛չ որպես տուժող է ճանաչվել, ո՛չ էլ ընդհանրապես հարցաքննվել է. այդպես է հայտարարել Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Անշուշտ, անընդունելի է որեւէ մեկին վիրավորելը, լինի դատավոր, դատախազ, ոստիկան, ամբաստանյալ, թե ընդհանրապես քաղաքացի: Սակայն մյուս կողմից առնվազն տարօրինակ է հարուցված քրեական գործը՝ առանց դատավորին հարցաքննելու եւ տուժող ճանաչելու: Ի վերջո, եթե հիշում եք՝ շատ դեպքերում իրավապահ համակարգը հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե չկա տուժած անձի դիմումը: Այդպես որեւէ քրեական գործ չհարուցվեց, օրինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի դեմ՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խորհրդարանի միջանցքում բռնություններ գործադրելու եւ հարվածներ հասցնելու համար: Եթե իրավապահ համակարգը կարող է արդարանալ՝ ասելով, որ Պավել Մանուկյանի գործողություններն ուղղված են եղել արդարադատության դեմ, հետեւաբար տուժել է պետությունը, ապա այս դեպքում էլ տուժողը օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, թեկուզ եւ ընդդիմադիր խմբակցության անդամ: Այնպես որ, իշխանություններն ակնհայտ երկակի մոտեցում են ցուցաբերում նույնանման իրադարձություններին:
Ի դեպ, թվում է՝ իշխանություններն այս քրեական գործով փորձել են լավություն անել դատավոր Գաբրիելյանին՝ պաշտպանելով նրա շահերը, բայց իրականում հակառակն է ստացվել. այսպես ամրապնդվեց դատավորի հասցեին հնչած պիտակը, նաեւ պաշտոնական փաստաթղթերում ամրագրելով այդ որակավորումը:




Լրահոս