ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԿՈՂՄ ԵՆ, ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՆ՝ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցան ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումները՝ իրենց հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

Նախագծի հիմնական զեկուցողը խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր, ով իր ելույթում ընդգծեց, թե Հայաստանը պետք է սկսի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, քանի որ կառույցին անդամակցության ընթացքում ոչ մի բնագավառում առաջընթաց չի գրանցվել, ընդհակառակը, խմբակցությունը հետընթաց է արձանագրել:
ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն առհասարակ դրական է վերաբերվում խորհրդարանական լսումներ առկայությանը, սակայն բացասական է վերաբերվում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախաձեռնությանը կամ բերված հիմնավորումներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե ՀՀ-ի համար ԵԱՏՄ-ից օգուտներն ակնհայտ են:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
-Պարո՛ն Կալաշնիկով, խորհրդարանում ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ ՀՀ-ի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման լսումներին:
-Լսումներ կարող են անցկացվել ամենատարբեր թեմաներով, եւ հենց դրա համար գոյություն ունի խորհրդարանը, որպեսզի այդպիսի լսումներ լինեն: Իմ կարծիքով, այդ լսումները պետք է ցույց տային հստակ իրավիճակը, որն այդ խորհրդարանին բնորոշ է՝ ինչպիսի ուժեր են կողմ, ինչպիսի ուժեր՝ դեմ: Այդ պատճառով ես շատ պոզիտիվ եմ վերաբերվում նման լսումների առկայությանը, սակայն ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, բնական է, որ բացասական եմ վերաբերվում: Իմ կարծիքով, լսումները ցույց են տվել իրերի իրական դասավորվածությունը:
-Ընդդիմադիր ուժի կողմից ներկայացվող հիմնական փաստարկն այն է, որ կառույցին անդամակցության ընթացքում ոչ մի բնագավառում առաջընթաց չի գրանցվել:
-Դա իրենց անձնական տեսակետն է: Ես նրանց հետ համաձայն չեմ եւ տեղյակ չեմ, թե որքանով են նրանց այդ տեսակետի հետ համաձայն մյուս խորհրդարանական ուժերը: Որքանով ինձ է հայտնի՝ նրանք եւս այլ տեսակետ ունեն եւ կարծում են, որ ԵԱՏՄ-ն օգուտ է բերում Հայաստանին, եւ դժվար է դրա հետ չհամաձայնել, եթե մենք տեսնում ենք ՌԴ եւ ԵԱՏՄ մյուս երկրներ մատակարարվող ապրանքների աճ: Բացվել է շուկա Հայաստանի համար, ինչպես կարելի է դրան դեմ լինել:
-Նշվում է, թե ՌԴ-ի հետ մենք մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ ունեինք առեւտրային հարաբերություններ, սակայն կառույցի մյուս երկրների հետ դրանց աճն առկա չէ:
-Թող զարգացնեն այդ համագործակցությունը, ով է նրանց խանգարում: ԵԱՏՄ-ն ընդհանուր նորմեր է սահմանել բոլոր երկրների համար, ինչպե՞ս կարող է այն վնասել Հայաստանին: Հայաստանն իր համար բացել է այդ շուկաները: Ես ինքս այդ կառույցից Հայաստանի համար միայն օգուտներ եմ տեսնում: Եվ դա փորձում եմ բացատրել նաեւ ընդդիմախոսներին ու ցույց տալիս թվեր, որոնց համաձայն ՌԴ-ի համար ավելի քիչ շահավետ է բաց շուկան, իսկ մյուս երկրների համար շահավետ է, որ բացվում է ռուսական շուկան:
-Օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իրենք դեմ չեն Ադրբեջանի՝ ԵԱՏՄ միանալուն: Ո՞ր դեպքում է դա հնարավոր, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նաեւ վետոյի իրավունք ունի:
-Առանց Հայաստանի համաձայնության նման համաձայնություն ստանալ մյուսներից շատ դժվար կլինի: Եվ դա բոլորը լավ հասկանում են: Թե այդ ամենը հետագայում ինչպես կարող է զարգանալ, բոլորն էլ լավ հասկանում են, որ դա հնարավոր է միայն Հայաստանի, Ադրբեջանի ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ կոնսենսուսի ձեռքբերման պայմաններում: Իհարկե, ՌԴ-ն դեմ չէ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալուն, սակայն վերջին խոսքը Հայաստանինն է:
-Ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նման կոնսենսուսի առկայության հնարավորությունը:
-Տնտեսությունը՝ տնտեսություն, իսկ տարածքային հարցերն այլ են: Մենք այսօր ունենք տարածքային հարցեր Ուկրաինայի հետ, սակայն միեւնույն ժամանակ տնտեսական հարաբերություններ են առկա եւ նույնիսկ զարգանում են: Ահա եւ պարադոքս: Իհարկե, միշտ տնտեսությունը եւ գեոքաղաքականությունը կապակցված են եւ չեն կարող զարգանալ տարբեր ուղղություններով, սակայն իմ կարծիքով՝ տնտեսությունը թույլ կտա լուծել կամ մոտենալ նաեւ քաղաքական հարցերի լուծմանը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՀԱՍԱՎ ԱՄՆ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ-ում բողոքի ցույց է անցկացրել: Նոյեմբերի 26-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 12:00-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել համահայկական ընդվզմանն ընդառաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ բողոքի ցույց: Այն ավարտվել է երթով, որի մասնակիցները, Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, շարժվել են դեպի Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան՝ հանձնելու պահանջագիր: Սակայն հյուպատոսարանը փակ է եղել, եւ ինչպես փաստում են կուսակցության անդամները, նույնիսկ հերթապահ չի եղել, որ ընդուներ ցույցի մասնակիցների անունից ներկայացվող պահանջագիրը: Հյուպատոսարանի դիմաց տեղի է ունեցել փոքր հավաք, որտեղ եւս ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը: Այսքանով կուսակցությունն ավարտել է այդ օրվա ցույցը, Փոստանջյանի հետ հաջորդ հանդիպումն արդեն պետք է տեղի ունենա այսօր: Այդ հանդիպմանը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը կպատասխանի ներկաների հարցերին: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե նախապատրաստում է համահայկական ընդվզում եւ մինչեւ ԱՄՆ մեկնելը համախոհներ գտնելու ակնկալիքով շրջում էր Հայաստանի բնակավայրերում:

 

 

 

ԿՐԿԻՆ ԲԱՑԱԿԱ ԷԻՆ
Երեկ տեղի ունեցավ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Սպասվածի համաձայն՝ նիստից կրկին բացակայում էին ՀՀԿ-ական պատգամավորներից երեքը՝ Աշոտ Արսենյանը, Արտակ Սարգսյանն ու Արկադի Համբարձումյանը, ովքեր հանձնաժողովի ձեւավորման առաջին իսկ օրվանից նիստերին չեն մասնակցել: Ինչպես հայտնի է՝ նիստերից բացակայելու համար պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվում, եւ վերը նշված պատգամավորներից նախորդ ամիսներին նման պահումներ արդեն իսկ կատարվել են: Սակայն, ինչպես երեւում է, այդ հանգամանքը նրանց այնքան էլ չի հուզում, եւ բացակայությունները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե պատշաճ կարգով նշված պատգամավորների բացակայությունների մասին տեղեկանքը կներկայացվի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի աշխատավարձերից կրկին պահումներ արվեն: Հիշեցնենք, որ ի սկզբանե այս հանձնաժողովի անդամ էր նաեւ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը, սակայն Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտել էր եւ լքել հանձնաժողովը: Այժմ վերջինս տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ է եւ շարունակում է բացակայել նաեւ այդ նիստերից:

 

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31-ամյա դատավոր Գեղամ Մարգարյանը, ով իր կարիերան սկսել է դատական կարգադրիչից հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի 12 հատ հողամաս, մեկ հատ պտղատու այգի, մեկ հատ անհատական բնակելի տուն եւ «BMW 730», «Mercedes-Benz A 170» մակնիշի ավտոմեքենաներ: Երիտասարդ դատավորի դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ, 35 հազար դոլար, 10 հազար վրացական լարի: Ի դեպ, այս տարի նա 8 մլն դրամով գույք է վաճառել, իսկ աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 296 հազար դրամ:
Փաստորեն տասը աշխատանքային տարիների ընթացքում նա «հասցրել է» ե՛ւ ֆինանսական միջոցները բարելավել, ե՛ւ աշխատանքում առաջընթաց գրանցել: Ու իզուր չէ, քանի որ նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, թոշակի անցած Դավիթ Ավետիսյանի ազգականն է, ով այս տարվա մարտի 10-ից փոխարինում է Կոտայքի դատարանի դատավոր, թոշակի գնացած Յուրա Բաղդասարյանին:

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ
Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ն հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նախկին պատգամավորին պատկանող ընկերության գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին, ինչը դատարանի կողմից բավարարվել է: Եվ այսպես՝ տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել նախկին պատգամավորին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով գանձել մոտ 118 միլիոն դրամ եւ համապատասխան գանձված գումարը առարկայի վրա տարածել: Այս գործով դատավորը Ռուբեն Ափինյանն է: Իսկ դատաքննությունը նշանակվել է հունվարի 23-ին:

 

 

ԷԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Հայաստանում վերջին ամսիներին սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում». մինչ հասարակությունը քննարկում է կարագի, ձվի, բենզինի շուկայում թանկացումները, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի եւ ձկնամթերքի շուկայում: Խոզի սառեցված միսը հունվար-հոկտեմբեր ամիսներին թանկացել է 41.6 տոկոսով, ընդ որում, միայն հոկտեմբերին գնաճը կազմել է 3.4 տոկոս: Ոչ միայն թարմ, այլեւ սառեցված ձկնամթերքն էլ այս ընթացքում թանկացել է 27.8 տոկոսով, ծովամթերքը՝ 24.7 տոկոսով:
Նկատենք, որ այս թանկացումները հիմնականում հետեւանք են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի, քանի որ մի շարք ապրանքատեսակների դեպքում ՀՀ-ի համար սահմանված արտոնությունների ժամկետը սպառվել է, եւ արդեն սկսել են կիրառվել ԵԱՏՄ-ում ընդունված ընդհանուր դրույքաչափերը:




Լրահոս