«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկումը խորհրդարանում բավական բուռն ընթացավ: Անցած ամիսներին այդ նախագծի շուրջ նաեւ հանրային բուռն քննարկումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Սյունիքի մարզի Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանից փորձեց պարզել, թե նա ինչպես է վերաբերվում նման օրենք ունենալու գաղափարին:
ՀՀ Սյունիքի մարզի Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանն էլ, անդրադառնալով այս օրինագծին, հայտարարեց, որ օխտարցիները այլեւս բռնություն չեն կիրառում իրենց կանանց նկատմամբ: «Բոլորը գիտեն, որ չի կարելի բռնություն կիրառել կնոջ երեխաների նկատմամբ: Եթե փորձեն էլ, ես իրենց ականջները կպոկեմ (ծիծաղում է-Ս.Հ.): Առանց կատակի, մեր գյուղի տղամարդիկ իրենց կնոջ ու երեխաների նկատմամբ երբեք բռնություն չեն գործադրում, այլ մեծարում են: Սիրում են, սիրում… Ասեմ Ձեզ, որ բնակիչները զարմացած են, անընդհատ կրկնում են` ասելով, թե ամոթ է, որ նման նախագիծ են ընդունում, քանի որ մենք նորմալ մարդիկ ենք, մեզ մոտ այլեւս նախնադարյան թվերը չեն: Մերոնք իրենց կանանց մեծարում են»,- ծիծաղով նկատեց Վ. Համբարձումյանը:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես է վերահսկելու, որ մարդիկ օրենքը չխախտեն, գյուղապետը արձագանքեց. «Օրենքը խախտելու դեպքում պատրաստ ենք տղամարդկանց ականջները ձգելուն, տուգանելուն: Եթե չի հասկանում, ապա պետք է ականջները ձգենք, բայց տղամարդու ականջները, ոչ թե կնոջինը…. (ծիծաղում է-Ս.Հ.): Իսկ եթե կինն է տղամարդու նկատմամբ բռնություն կիրառելու, ապա դա օրինաչափ է (ծիծաղում է-Ս.Հ.): Դա կարելի է, ընդունվում է: Այ, առաջարկում եմ, որ այդ կետը ներառեն օրենքում: Ես խնդրում եմ Ազգային ժողովին, որ այդ հարցը եւս քննարկեն..»:
Սյունէ Համբարձումյան