Ընդունելի չէ՝ բարձր խոսես քո երեխայի հետ ու հանկարծ քեզ դատի տան. Վարդևան Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիքում բռնության կանխարգելմանն առնչվող աղմկահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Խորհրդարանը ձայների 73 կողմ, 12 դեմ եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Ուշագրավ է, որ թեեւ իշխող Հանրապետական խմբակցությունից որեւէ մեկը դեմ չքվեարկեց, բայց խմբակցության անդամներից ոմանք պարզապես չմասնակցեցին քվեարկությանը: Նրանց թվում էր պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով սուր քննադության ենթարկեց օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի քվերակությանը չմասնակցեցին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ երգչուհի Շուշան Պետրոսյանը, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու Միհրան Հակոբյանը:

Մինչդեռ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ավելի համարձակ գտնվեցին՝ դեմ քվեարկած բոլոր 12 օրենսդիրներն էլ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության անդամներ են: «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքին դեմ քվեարկեցին Վարդան Բոստանջյանը, Իվետա Տոնոյանը, Հակոբ Նազարյանը, Նապոլեոն Ազիզյանը, Տիգրան Ստեփանյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Մերուժան Սիմոնյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, պատճառաբանելով օրենքին դեմ քվեարկելը, ասաց. «Կա՞ մի նորմալ մարդ, որը կողմ լինի, որ ընտանիքում կանանց, երեխաների բռնություն լինի: Բայց ամեն դեպքում ընդունելի էլ չէ՝ եթե դու դաստիարակչական նպատակներով բարձր խոսես քո երեխայի հետ, ու հանկարծ քեզ դատի տան»:

Նա նկատեց՝ եթե օրենքը պետք է մնա թղթի վրա, ապա օրենքի անհրաժեշտությունն ինչո՞ւմ է: «Բաներ կա, որ ուղղակի հարիր չէ մեզ: Փաստորեն ոստիկանության աշխատողը պետք է մտնի այդ ընտանիքի հարաբերությունների մեջ: Բայց բռնությանը կտրականապես դեմ եմ, թուլությունից է, որ տղամարդիկ ձեռք են բարձրացնում իրենց կանանց վրա: Բայց քո երեխայի հետ բարձր խոսելը, հետո ճանաչեն, որ դու բռնանում ես քո երեխայի նկատմամբ, դա սխալ է: Իմ տղան քառասուն տարեկան է, բայց ժամը տասնմեկն անցավ, ես պետք է զանգահարեմ, իմանամ՝ որտեղ է: Ես այդ ամեն ինչը նորմալ ընտանիքի դաշտում եմ տեսնում», – պարզաբանեց Գրիգորյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս