«Ժողովուրդ»-ը հայկական բալետի զարգացման, մեր հանդիսատեսի որակի, մեր արտիստների պոտենցիալի մասին զրուցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Գրիգոր Գրիգորյանի հետ, ով հայտնի է իր մարմնավորած Կրասոսով («Սպարտակ»), Գիքոյով («Գայանե»), Էսկամիլիոյով («Կարմեն»), Տորերոյով («Լորկիանա), իսկ վերջերս էլ կայացավ «Ժիզել»-ի պրեմիերան, որի շրջանակում մեր զրուցակիցը հանդես եկավ Հանսի կերպարով։ Գրիգորը մեզ հետ զրույցում նշել է օպերային թատրոնի խաղացանկն ավելի բազմազան դարձնելու անհրաժեշտության մասին, միեւնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ առաջիկայում կունենանք ակադեմիական թատրոնին հարիր ներկայացումներ։
-Գրիգո՛ր, վերջին տարիներին Դուք Ձեր խաղացանկը համալրեցիք նոր դերերով: Այնուամենայնիվ, ոլորտում կա՞ն Ձեզ մտահոգող խնդիրներ, որոնք կցանկանայիք լուծված տեսնել։
-Առհասարակ, կցանկանայի, որ ոլորտի մարդիկ աշխատեին բարեկեցիկ, հարմարավետ պայմաններում, որպեսզի լիարժեք կատարեին իրենց գործը։ Ինչ վերաբերում է օպերային թատրոնին, շատ կուզեի, որ խաղացանկը հարուստ լիներ, ավելի շատ բեմադրվեին թե՛ բալետային, թե՛ օպերային ներկայացումներ։ Ցանկացած արտիստի ցանկությունն է խաղացանկի բազմազանությունը։ Ես վստահ եմ, որ կարճ ժամանակում կունենանք ակադեմիական թատրոնին հարիր ներկայացումներ։
-Իսկ ի՞նչն է, որ դեռ պակասում է մեզ, որպեսզի դա իրականություն դառնա:
-Կարծում եմ՝ այս պահին ունենք բոլոր նախադրյալները՝ լավ խաղացանկ ստեղծելու համար, մնացածը ժամանակի հարց է։
-Բազմիցս եղել եք արտերկրում, ծանոթ եք այնտեղի փորձին։ Կա՞ն միտումներ, որոնք կցանկանաք մեզ մոտ ներդրված տեսնել։
-Գնահատող հանդիսատես, ընդհանուր բարձր մակարդակ, ստեղծագործական մթնոլորտ. ահա այդ որակները։ Ցավալի է, երբ արտիստն օրերով տանջվում է, եւ երբ վարագույրը բացվում է, դահլիճում տեսնում է քիչ հանդիսատես։ Նման երեւույթի արտերկրում չեմ հանդիպել։
-Գրիգո՛ր, հյուրախաղերով հանդես գալու առիթներ հաճախակի՞ են ընձեռվում։
-Տարեսկզբին հյուրախաղերով հանդես ենք եկել Բելգիայի Անտվերպեն քաղաքում, տեղի բալետային խմբի հետ համատեղ ներկայացրել ենք Արամ Խաչատրյանի երաժշտությամբ եւ Յուրի Գրիգարովիչի բեմադրությամբ «Սպարտակ» բալետը, որի արդյունքում փորձի փոխանակում տեղի ունեցավ տեղի պարողների եւ մեր միջեւ։ Նշեմ նաեւ, հաջորդ տարեսկզբին նախատեսվում են հյուրախաղեր դեպի Մալայզիա, որտեղ ներկայացվելու են համաշխարհային գանձարանին պատկանող բալետային ներկայացումներից հատվածներ։ Դա, հուսով եմ, ճանապարհ կհարթի նորանոր հյուրախաղերի համար։
-Հետաքրքիր է՝ Դուք հիմա ի՞նչ դերի մասին եք երազում:
-Կարծում եմ՝ երազանքների ու նպատակների իրականացման համար մի կարճ ճանապարհ կա, որը հնարավոր է անցնել աշխատասիրության միջոցով։ Ավելի վաղ երազել եմ «Սպարտակ» բալետի շրջանակում հանդես գալ Մարկոս Կրասոսի դերապարով։ Եվ ահա 5 տարի է՝ մարմնավորում եմ այդ կերպարը։
-Ի՞նչ եք կարծում՝ Ձեր ոլորտում սերնդափոխության գործընթացը հե՞շտ է իրականացվում։
-Դե, մեր արվեստն այսպես թե այնպես պահանջում է երիտասարդ ուժեր։ Բայց, ինչ խոսք, մեծերի փորձառությունն անփոխարինելի է եւ միշտ օգնության է հասնում սկսնակ երիտասարդներին։
-Այո՛, բալետի պարողը, ինչպես, օրինակ, ֆուտբոլիստը, պարտավոր է միշտ երիտասարդ մնալ։ Դուք ընտրել եք «շուտ ծերացող» մասնագիտություն։
-Դե, մեր մարմինն անընդհատ աշխատում է եւ ամեն տարի կորցնում է իր ճկունությունը։ Իզուր չէ, որ բալետը համարում են երիտասարդի արվեստ։
-Ո՞ր արտիստի հետ կցանկանայիք մաստեր կլաս անցնել։
-Ֆրանսիացի պարող Մանուել Լեգրիի հետ։
-Իսկ ո՞րն է Ձեր ներկայիս նպատակը։
-Էլ ավելի կատարելագործվելն ու հանդիսատեսին լավ ներկայանալը։ Այս պահին դա է այն հանձնարարականը, որ իմ առջեւ դրել եմ։
Աննա Բաբաջանյան