Լավություն Կիմ Բալայանին. պաշտոնավարման ժամկետը երկարեցնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները որոշել են լավություն անել սահմանադրական դատարանի անդամ, նախկին դաշնակցական Կիմ Բալայանին` ամեն գնով երկարաձգելով նրա պաշտոնավարման ժամկետը:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 15-ին լրացավ Կ. Բալայանի 70-ամյակը: Սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչեւ 70 տարին լրանալը: Միաժամանակ, սակայն, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը ՍԴ անդամին հնարավորություն է ընձեռում մինչեւ վեց ամսով երկարաձգել պաշտոնավարումը. «Եթե սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո»,- նշված է ՍԴ մասին օրենքի 14-րդ հոդվածում:

Եւ ահա, հոկտեմբերի 15-ի դրությամբ Կիմ Բալայանի վարույթում երկու գործ կար: Մեկը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին գործն էր, որի քննությունն ավարտվեց հոկտեմբերի վերջին:
Բացի այդ՝ Բալայանը զեկուցող էր «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ հողային օրենսգրքի մի քանի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: Այս դիմումի քննությունը դեռ սեպտեմբերին ՍԴ աշխատակարգային որոշմամբ նշանակվել էր դեկտեմբերի 12-ին: Բայց պարզվում է՝ այդ օրվա նիստը հետաձգվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընդամենը երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, ՍԴ-ն աշխատակարգային մեկ այլ որոշում է ընդունել` հետաձգելով «Հետաքննող լրագրողների» դիմումի քննության օրը մինչեւ հունվարի 30-ը: Իսկ այդ երկարաձգումը ՍԴ-ն պատճառաբանել էր «գործով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ»:

Պատճառները, թերեւս, դժվար չէ կռահել: Դատելով դիմումի բովանդակությունից՝ գործի քննությունն ավարտվելու էր բավական արագ: Բայց հիմա գործի քննությունը մինչեւ հունվարի 30-ը երկարաձգելով՝ Կիմ Բալայանին հնարավորություն է տրվում պաշտոնավարել մոտ երկու ամիս ավելի: Սա նշանակում է, որ ՍԴ անդամը եւս երկու ամսով շարունակելու է մնալ անձեռնմխելի, ստանալ ավելի քան 800 հազար դրամ աշխատավարձ եւ օգտվել ՍԴ անդամի համար ընձեռված բոլոր արտոնություններից: Ընդ որում, կասկածներ կան, որ դիմումի քննությունը կարող է կրկին հետաձգվել: Պատճառներ միշտ էլ կարելի է գտնել: Օրինակ` պատասխանող կողմը հունվարի 30-ին կարող է չներկայանալ դատարան, կամ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ խնդրի, եւ հաջորդ դատավարությունը նշանակվի ավելի ուշ եւ այսպես շարունակ:

Նախկին դաշնակցական, ծնունդով ղարաբաղցի Կիմ Բալայանի հանդեպ բարեհաճ վերաբերմունքն էլ պայմանավորված է իշխանություններին նրա մատուցած ծառայություններով: Եթե հիշենք, թե ՍԴ-ն ինչ անուրանալի դերակատարություն է ունեցել կեղծված ընտրությունները վավերացնելու գործում /Կիմ Բալայանը եղել է գլխավոր դերակատարներից մեկը/, ապա ամեն ինչ պարզ ու հասկանալի կդառնա:
Ինչ վերաբերում է «Հետաքննող լրագրողների» ՍԴ ներկայացրած դիմումի բովանդակությանը, ապա այն բավական հետաքրքիր է:

Բանն այն է, որ «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները հողերի աճուրդն անցկացնում են փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը: Ասել է, թե լրագրողներին արգելված է ներկա գտնվել համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների աճուրդի գործընթացին, լուսաբանել դրանք: Իսկ սա հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքին, տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքին եւ այսպես շարունակ: Ու հիմա դիմումատուները վիճարկում են այդ հարցը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս