«ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՓԱՍՏԵՐ ԿԱՆ». ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ էր հայտարարել, պահանջում էր քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ` սահմանադրական կարգը տապալելու համար։ Բալայանի հիմնավորմամբ՝ Փաշինյանն իրավունք չունի հայտարարության հիման վրա Արցախից ու Հայաստանից տարածքներ զիջել Ադրբեջանին. հայտարարությունն իրավական ուժ չունի։ Բալայանը հացադուլը դադարեցրել էր, բայց հայտարարել էր, որ ինքը շարունակելու է փաստեր հավաքել ու հրապարակային դատավարություն սկսել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: ArmLur.am-ը զրուցել է Կիմ Բալայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փուլում են գտնվում իր՝ հավաք իրականացնելու աշխատանքները, եւ ինչ արդյունք ունեն:

 

-Կա՞ կոնկրետ ինչ-որ բան, որ  այս ժամանակահատվածում արել եք: Ձեր  պահանջը շարունակո՞ւմ է նույնը մնալ: Շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

-Նույնը մնում է, իհարկե: Դրան գումարած՝ նաեւ փաստեր ենք հավաքում փաստահավաք խմբով նրա կատարած դավաճանական արարքների վերաբերյալ:

-Ովքե՞ր են այդ խմբի ներկայացուցիչները, որոնց հետ այս պահին աշխատանքներ եք իրականացնում:

-Իրավաբաններ են, բայց անվանական չէի ուզենա ասել, որովհետեւ նրանց մի մասը այսօր գործող իրավաբաններ են:

-Պարո՛ն Բալայան, այս ժամանակահատվածում արդյոք հաջողվե՞լ է այդպիսի փաստեր գտնել: Ի՞նչ պրոցես է ընթանում այս պահին:

-Բավականին շատ են, բայց դրանց պաշտոնական ընթացք տալը այսօր նպատակահարմար չեմ համարում, որովհետեւ իրավապահ մարմինների ղեկավարները՝ գլխավոր դատախազից սկսած, իրենք են ամեն օր հանցագործություն կատարում՝ ցուցաբերելով անգործություն:

-Այսինքն՝ այդ փաստերը հավաքում եք. երբ կլինի իշխանափոխություն, այդ ժամանակ նոր պրոցես կսկսվի՞ վարչապետի դեմ:

-Հնարավոր է նաեւ, որ մենք հրապարակային դատավարություն սկսենք Ազատության հրապարակում:

-Ըստ Ձեզ՝ դա ե՞րբ կսկսվի, կա՞ ինչ-որ ժամանակահատված, երբ հստակ որոշված լինի փաստեր ներկայացնել:

-Հստակ որոշված ժամկետ չկա: Ես ավելի շուտ համոզված եմ, որ, ի վերջո, իրավապահ մարմինները խելքի կգան, եւ իրենք կնախաձեռնեն կալանքը:

-Այսինքն՝ Հայաստանի իրավապահ համակարգին Դուք չե՞ք վստահում:

-Զուտ իրավապահին, իհարկե, վստահելու տեղ չկա, որոհետեւ  ամեն օր իրենք հանցագործություն են կատարում՝ անգործունեություն ցուցաբերելով:

-Ո՞ր իրավապահ համակարգին ի նկատի ունեք՝ դատախազությո՞ւն, ոստիկանությո՞ւն, Քննչական կոմիտե՞…

-Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն:

-Որո՞նք են այդ քայլերը:  Դուք կոնկրետ ի՞նչ եք պահանջում իրավապահ համակարգից, որը չի իրականացվում:

-Հրապարակայնորեն դա ներկայացված է: Հաղորդումներ է տրված Նիկոլ Փաշինյանի կատարած բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ՝ սկսած սահմանադրական կարգի տապալումից մինչեւ պետական դավաճանություն:

-Այսինքն՝ դա փաստերով կա, սակայն  իրավապահ համակարգը որեւէ քայլ չի ձեռնարկո՞ւմ:

-Իրավապահ համակարգը անօրինակած ձեւով քայլ չի ձեռնարկում:

-Պարո՛ն Բալայան, քանի որ այսօր (երեկ-Ս.Գ.) մեծ հանրահավաք է սպասվում Ազատության հրապարակում, արդյոք պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմությանը, Ձեր պահանջը ներկայացնել: Լինելո՞ւ եք Ազատության հրապարակում:

-Ես միշտ էլ եղել եմ եւ էլի կլինեմ:

-Իսկ ընդդիմության՝ հանրահավաք իրականացնելու քայլերը ճի՞շտ եք համարում այս պահի դրությամբ: Անհնազանդության կոչեր անելու կո՞ղմ եք: Իրենք կարո՞ղ են հասնել  իրենց ցանկալի նպատակին:

-Դա արդեն քաղաքական գործունեություն է: Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, ես զուտ իրավական հարցերով եմ զբաղվում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

Տ. ՌԵՎԱԶՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ՁԱԽՈՂԻ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, առաջիկայում կստեղծվի Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, ապա կհաստատվի դրա կանոնադրությունը: Այս մասին որոշման նախագիծը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը: Եթե հաստատվի ազգային կոմիտե ստեղծելու որոշումը, ապա նախարարության հաջորդ քայլը կլինի վարչապետի աշխատակազմ ներկայացնել Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու, կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը: Ի դեպ, քաղաքացիական ավիացիայի ոլորտի՝ քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարն ի պաշտոնե հանդիսանում է Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ: Հուսանք՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այս անգամ չի ձախողի: Կհիշեք՝ դեռեւս 2018 թվականին՝ թավշյա հեղափոխությունից հետո, աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որը կոչված էր ուսումնասիրելու հայկական ավիացիայի ոլորտի խնդիրները: Այդ խմբի վերին օղակներում էր Տաթեւիկ Ռեւազյանը: Ձեւավորված խումբը, սակայն, որեւէ գործունեություն չիրականացրեց. ինչպես ստեղծվեց, այդպես էլ լուծարվեց՝ օգուտ չտալով ավիացիոն ոլորտին:

Ս.Հ.

 

 

 

ՆՈՐ ՊԵՏ ՈՒՆԻ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը՝ այսպես կոչված Թաղման բյուրոն, նոր տնօրեն ունի՝ ի դեմս ԺՊ Վահե Խաչատրյանի։ Այս պաշտոնը թափուր է 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, տնօրենի ԺՊ էր նշանակվել Մարությանի ընկեր Վահե Խաչատրյանը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր փեսան։ Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 5 թեկնածու, սակայն  Մարությանի թեկնածուն հենց Վահե Խաչատրյանն էր, եւ քաղաքապետն ամեն ինչ արել էր, որ հենց նա անցնի։ Նշենք, որ սա բավականին յուղոտ պաշտոն է: Պաշտոնակատար Վահե Խաչատրյանը գնացել էր քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Ի դեպ, մենք դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ նա սրտի ցավով է լքել աշխատակազմի ղեկավարի աթոռը։

Փաստորեն, այսպիսով Մարությանը հալեցրեց Խաչատրյանի սրտի սառույցը՝ նրան «տեղավորելով» Թաղման բյուրոյում։

 

 

 

ՀԱՐՑՈՒՄ

«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է իրականացրել՝ փորձելով պարզել, թե որ քաղաքական գործչին ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիները: Հարցման մասնակիցներն իրենց վերաբերմունքը քաղաքական գործիչների նկատմամբ գնահատել են 1-5-բալանոց սանդղակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 բալ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7 բալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1,7 բալ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 2,2 բալ, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1,5 բալ, «Հայաստանի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1,6 բալ, ՀՅԴ կուսակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանը՝ 1,6 բալ:

Ընկերությունը նաեւ հարցման միջոցով փորձել է պարզել, թե ում ձայն կտան քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում.

  1. Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինք՝ 33.1 տոկոս,
  2. Ոչ մեկի օգտին,
  3. Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 4.4 տոկոս,
  4. Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 2.6 տոկոս,
  5. Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցություն՝ 2.2 տոկոս,
  6. «Դաշնակցություն»՝ 2.2 տոկոս,
  7. Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություն՝ 0.9 տոկոս:

 

 

 

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) անընդունել է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը. հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովը՝ ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը: Սամադովը գանգատում պնդել է, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը, մինչդեռ գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 2008 թվականին, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի վավերացնելուց ավելի քան 6 տարի անց: Ավելին՝ դիմումատուին սեփականության իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի: Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի՝ փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ:

 

 




Լրահոս