Գարո Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը տեղափոխել է մեջլիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հայ համայնքը տևական ժամանակ է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում պատասխան է սպասում ներքին գործերի նախարարությունից: Վերջինս դեռևս չի պատասխանել Ստամբուլի նահանգապետարանի միջոցով պատրիարքարանի կողմից ներկայացված դիմումին:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը տեղափոխել է մեջլիս՝
գրավոր հարցում ուղղելով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այս
մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Գրավոր հարցման մեջ Փայլանը հիշեցրել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների հետևանքով չի կարող կատարել իր պարտականությունները:

Նա նշել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ ստեղծվել էր Նախաձեռնող խումբ, որն էլ հատուկ դիմում էր ուղարկել Ստամբուլի նահանգապետարան՝ ընտրությունները կազմակերպելու խնդրանքով, սակայն այդ դիմումին մինչ օրս պատասխան չի եկել, մինչդեռ ընտրությունները նախատեսվում էր կազմակերպել դեկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում:

Փայլանն ընդգծել է, որ համաձայն լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թե «պետությունը Գարեգին Բեքչյանին չի ճանաչում որպես պատրիարքական տեղապահ և ցանկանում է, որ ընտրությունն արվի պատրիարքարանի մյուս երկու եպիսկոպոսների միջև»: «Պետության կողմից պատրիարքի ընտրություններին նման կերպ միջամտելը և գործընթացի այսքան ձգձգվելը համայնքի ներսում անհանգստության պատճառ է դարձել»,- փաստել է հայ պատգամավորը:

Նա Սոլյուից պահանջել է պատասխանել՝ արդյոք որն է պատրիարքական ընտրություններում պետության միջամտության հիմքը, իսկապես կա՞ միջամտություն պատրիարքական ընտրություններին, ինչպես նշել էր Ստամբուլի
նահանգապետը: Բացի այդ, նա փորձել է հասկանալ, ո՞րն է ընտրության կազմակերպման գործընթացի ձգձգումը, եթե հայկական համայնքում կա համաձայնություն և աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել: Ի վերջո, Փայլանը հարցրել է, թե ե՞րբ են ավարտվելու պատրիարքի ընտրությունն արգելելու փորձերը:




Լրահոս