Նորընտիր ղեկավարը չի ենթարկվում անգամ նախարարին. Գեղամասարում լարված մթնոլորտը չի դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշորացված Գեղամասար համայնքի շուրջ ստեղծված խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ արդեն անդրադարձել է: Ինչպես հայտնի է՝ համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարվում է նախկին գյուղապետերին իրենց գյուղերում վարչական ղեկավարներ նշանակել: Խոշորացված համայնքի մեջ ներառված են 18 բնակավայրեր, նախկին գյուղապետերը հիմնականում ՀՀԿ-ականներ են: Ի դեպ, ինքը՝ Ավետյանը եւս ՀՀԿ անդամ է: Սակայն նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում հարազատ կուսակցությունը սատարել էր Գեղամասարի համայնքի ղեկավարի մյուս թեկնածուին՝ Զոյա Գեւորգյանին: ՀՀԿ-ական նախկին գյուղապետերն էլ էին նրա օգտին գործել:

Հակոբ Ավետյանի՝ իրեն չսատարած գյուղապետերին անգործ թողնելու որոշման վրա ո՛չ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն է կարողացել ազդել եւ ո՛չ էլ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարը օրերս անձամբ է հանդիպել Ավետյանին եւ նրան հորդորել նախկին գյուղապետերին նշանակել որպես վարչական ղեկավարներ, սակայն Գեղամասարի նոր համայնքի ղեկավարը անդրդվելի է մնացել, ինչի արդյունքում հանդիպումը բավական լարված է ավարտվել:

Հիշեցնենք, որ Հակոբ Ավետյանին ՏԻՄ ընտրություններում սատարել է ԱԺ նախկին պատգամավոր, «Գարդմանահայերի» միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Գեղամասար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանին:

-Պարո՛ն Ավետյան, գյուղերում վարչական ղեկավարներ նշանակե՞լ եք:

-Մի մասում նշանակված են, մի մասում նոր եմ նշանակելու: Ժամանակի ընթացքում:

-Իսկ ո՞րն է պատճառը, որ մի մասին չեք նշանակել:

-Պատճառն ընդամենն այն է, որ ցանկանում եմ՝ ճիշտ նշանակումներ անեմ, դրա համար ուզում եմ չվռազեմ, հանձնում, ընդունում եմ անում: Ես ուզում եմ ամեն ինչին մանրամասն տեղեկանամ, նոր որոշում կայացնեմ:

-Իսկ այն համայնքներում, որտեղ նշանակումներն արել եք, նախկին գյուղապետե՞րն են նշանակվել, թե՞ նոր մարդիկ են:

-Նշանակվածները նորերն են, իսկ հներից դեռ ես ուզում եմ ինքնուրույն որոշեմ՝ որը ճիշտ կլինի: Ես ցանկանում եմ վերջնական համոզմունքի գամ, նոր որոշում կայացնեմ: Մի 6-7 գյուղ է դեռ մնացել, դա էլ կանեմ առաջիկա օրերին, բայց չեմ բացառում, որ կարող են նաեւ հին գյուղապետերից մնան, եթե գտնեմ՝ իրենք նորմալ կարող են լինել, կնշանակվեն:

-Իսկ ո՞րն է պատճառը, որ նախկին գյուղապետերի հետ չեք ցանկանում աշխատել:

-Ես չեմ կարեւորում այն հարցը՝ ով աշխատանք կունենա, ով աշխատանք չի ունենա: Ես կարեւորում եմ, թե ով կարող է լավ ղեկավար լինի: Ուղղակի ինձ պետք է իմ թիմը ձեւավորել անպես, որ յուրաքանչյուրն իր գյուղի մասշտաբով լինի լավ ղեկավար:

-Պարո՛ն Ավետյան, մեր տեղեկություններով՝ վերջերս հանդիպել եք Դավիթ Լոքյանին, ով Ձեզ հորդորել է նշանակել նախկին գյուղապետերին, սակայն Դուք հրաժարվել եք, եւ զրույցը լարված ավարտ է ունեցել:

-Այո՛, պարոն Լոքյանի հետ հանդիպում եղել է, ու ես բոլոր տեղերը նույն բանն եմ ասում: ճիշտ է՝ խոսակցություն եղել է, քննարկում եղել է, բայց ես հենց դա եմ հիմնականում կարեւորում, եւ իրար ճիշտ հասկացել ենք: Ոչ մեկն էլ դեմ չէ լավ կադրեր ընտրելուն, ոչ մեկն էլ դեմ չէ լավ կառավարման: Հանդիպման ժամանակ ամեն ինչ նորմալ է անցել, նորմալ սահմաններում: Լարված իրավիճակ չի ստեղծվել:

-Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ եւս այդ մասին զրույցել եք:

-Դե, այդ հարցերը շատ-շատերին է հետաքրքրում, բայց բոլորին նույն պատասխանն եմ տվել: Ով էլ լինի վարչական ղեկավարներ, կամ աշխատակազմի մեջ, դա լինում է իմ թիմը, որովհետեւ ընդհանուր ղեկավարը ես եմ: Չի լինում իմ աշխատողների մեջ ինչ-որ մեկն ուրիշ թիմում, տարբեր թիմեր չեն լինում:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս