Խորհրդարանում պետական պարտքի մասին օրենքի երեկվա քվեարկության պատկերն ուշագրավ էր: Կողմ էին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ էին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները, որոնք քննակումների ժամանակ անխնա քննադատել էին նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ «Ծառուկյան» խմբակցությունից, այնուամենայնիվ, կար կողմ քվեարկած մեկ պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, որն էլ նիստին ներկա չէր:
Թե ո՞վ եւ ինչո՞ւ էր սեղմել Մանուկյանի կոճակը, այն էլ՝ խմբակցության դիրքորոշմանը հակառակ, դժվար է միանշանակ ասել: ԱԺ նիստերի դահլիճում նրա կողքին նստում են Տիգրան Ստեփանյանն ու Մերուժան Սիմոնյանը: Քվեարկության տասը վայրկյանների ընթացքում Տ. Ստեփանյանը սկզբում կողմ կոճակն էր սեղմել, բայց արագ փոխել էր որոշումը՝ սեղմելով դեմ: Իսկ ահա Մելիք Մանուկյանի «քվեարկությունը» չէր շտկվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մելիք Մանուկյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: