ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս կարողացան ծանր հանցագործության մեջ մեղադրվողները հատել սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է արդարացումներ ներկայացնել՝ հիմնավորելու, թե ինչու սեպտեմբերի 14-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ սպանություն կատարելու մեջ մեղադրվող եւ վերջերս Վրաստանում հայտնաբերված անձանց՝ Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին Հայաստան այդպես էլ չեն տեղափոխել: Մասնավորապես անդրադանալով «Ժողովուրդ» օրաթերթի նախօրեի հրապարակմանը, թե իրավապահները չեն կարողանում մեղադրյալներին Հայաստան տեղափոխել, քանի որ քրեական տարրերը սերտ կապերի մեջ են այդ երկրի քաղաքական իշխանություների հետ, դատախազությունը անհասցե հայտնել էր, թե «Տեղեկատվությունն ամբողջությամբ մտացածին է»:

Իհարկե, ցանկացած փաստ կարելի է հերքել՝ զուտ հերքելու համար, բայց եթե փորձենք այդ հերքման մեջ տրամաբանություն փնտրել, դժվար թե ստացվի: Տվայլ դեպքում դատախազության պատասխանատու պաշտոնյան ընդամենը բառերով՝ առանց որեւէ փաստական հիմքի, ընդամենը բարձրաձայն հավաստիացրել է, թե «էքստրադիցիոն ընթացակարգերը լիարժեքորեն պահպանվում են: Գործընթացը թույլատրելի և նախատեսված ժամկետների սահմաններում է»:

Բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանի տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողները հանցանքը կատարելուց հետո իրավապահների՝ այդ թվում եւ քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազության քթի տակից փախել են Վրաստան: Թե ինչպես, ում աջակցությամբ, դա հարցի մի կողմն է: Երկրորդ՝ Վրաստանում նրանք հայտնաբերվել եւ ձերբակալվել են դեպքից մոտ մեկուկես ամիս անց:

Եւ երրորդ՝ ենթադրյալ հանցագործները մինչեւ հիմա չեն տեղափոխվել Հայաստան:
Ու դատախազությունը ճիշտ կաներ, եթե ավելի հստակ ներկայացներ ընթացակարգերը, թե ի՞նչ ժամկետներում են իրենք տեղափոխելու մեղադրյալներին, եւ նշեր նաեւ վերջնաժամկետները՝ ՀՀ քաղաքացիներին ցույց տալով, թե ինչ արդյունավետությամբ է աշխատում: Այլապես, այս գործընթացը կարող է տարիներով ձգձգվել, ու ՀՀ իրավապահներն էլ արդարանան, թե ամեն ինչ ժամկետների սահմաններում է: Իսկ համացանցում գրառում անելը աշխատանք չէ, այլ ժամանց՝ աշխատանքային ժամին:

Իսկ ամենագլխավոր հարցը դատախազության հայտարարություն տարածողը շրջանցել է. իրապահները արդյո՞ք քննություն տանում են, որպեսզի պարզեն, թե ինչպե՞ս կարողացան ծանր հանցագործության մեջ մեղադրվողները հատել ՀՀ պետական սահմանն ու հայտնվել Վրաստանում: Սպասում ենք նոր մտացածին ստատուսների:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս