«Գնացե՛ք, Բոստանջյանենց ընտանիքն ուսումնասիրե՛ք». ինչու է պատգամավորը դեմ քվեարկել աղմկահարույց նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին 75 կողմ, 12 դեմ եւ 8 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմուկ հանած օրենքի նախագիծը: Դեմ ձայների մեջ ամենաարտառոցը թերեւս ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի քվեարկությունն է, ով չնայած առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել, բայց երեկ դեմ էր: Թե ինչն էր նրան ստիպել մտափոխվել, մեզ չհաջողվեց պարզել: Արդյոք պատճառը աղքատների մասին նրա աղմկահարույց հայտարարությանը հետեւած հանրային արձագանքն էր, դժվար է ասել:

Եվ եթե մյուս խմբակցությունները կողմ են քվեարկել նախագծին, ապա «Ծառուկյան» խմբակցության պարագայում քվեարկությունն ազատ էր թողնված, որի պատճառով էլ գրանցվեց այդքան քանակությամբ դեմ եւ ձեռնպահ ձայներ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դեմ քվեարկել նախագծին:

-Պարո՛ն Բոստանջյան, Դուք դեմ եք քվեարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն օրենքի նախագծին: Ո՞րն է պատճառը:

-Ես ամենատարբեր, հայ իրականությանը համապատասխանող, դարերով ձեւավորված արժեքային համակարգի կրող եմ: Եվ բոլոր պարագաներում շատ անձնական եւ սուբյեկտիվ բնույթ է կրում: Ելնելով իրողությունից` գալիս եմ այն համոզման, որ ընդհանրապես հայ իրականությունում ընտանիքում որեւէ մեկն իրավունք չունի միջամտելու ընտանիքի հարցերին կամ հակասություններին: Դրանք, ինչպես կյանքը ցույց է տալիս, խաղաղ են ավարտվում: Մնացած, արտառոց դեպքերի կտրվածքով մեր օրենսդրությունը կա՛մ պարզապես մթնոլորտը չի հանդուրժում ոչ մի բռնություն, կա՛մ նման տիպի բաներ: Այդ կտրվածքով ուզում եմ ասել, որ իմ համոզմամբ մեր ունեցած իրավական ակտերը, ըստ էության, եթե ընտանիքներում ինչ-որ բան պատահի, վատագույն դեպքում ունենք միջամտելու միջոց, եւ լրացուցիչ անգամ օրենքի անհրաժեշտություն պարզապես միտք չունի ունենալ, որի համար էլ դեմ եմ քվեարկել:

-Կարծիքներ կան, թե օրենքին դեմ քվեարկողները կողմ են ընտանեկան բռնությանը:

-Ես այդպիսի տեսակետից ո՛չ անհանգստանում եմ, ո՛չ հուզվում, թող այդպես մեկնաբանեն: Բացարձակապես ես այդ առումով չունեմ որեւէ մտահոգություն եւ անհանգստություն: Իսկ կան բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք գրանտներ են շահել կամ օտար տեղերից պայմանավորված, նրանք այլընտրանք չունեն կողմ չլինելու: Թող կողմ լինեն, եւ այդպիսիները կարող են նման բացատրություն կամ մեկնաբանություն տալու: Այդպիսիներին ես խորհուրդ եմ տալիս` եթե ուզում եք ընդհանրապես իմանալ՝ ընտանիքն ինչ բան է, եւ ինչ արժեքներ են դարերով պահպանվում, գնացե՛ք, Բոստանջյանենց ընտանիքն ուսումնասիրե՛ք:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս