«Ա՛յ, որ իմանայի ու որեւէ բան չանեի». ինչու է գյուղապետը չարաշահել պաշտոնական դիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայք համայնքին միավորված Վայոց ձորի մարզի Զեդեա համայնքի նախկին գյուղապետ Սուրիկ Սարգսյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, եւ երեկ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Նախկին գյուղապետ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը Սուրիկ Սարգսյանից փորձեց պարզել, թե ինչ է արել նա, որ հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Ըստ Զեդեայի նախկին գյուղապետի՝ իրեն առաջադրված մեղադրանքը նա ընդունում է մասնակի: «Համայնքին պատկանող սեփականություն է եղել, քաղաքացին առանց տեղյակ պահելու այգի է հիմնել, մենք էլ չենք իմացել, որ իր սեփական տարածքը թողել է եւ համայնքին պատկանող տարածքի վրա է այգի հիմնել: Հետո աճուրդ ենք հայտարարել, քաղաքացին` Աշոտ Զաքարյանը, տեղյակ է եղել այդ աճուրդի մասին ու ցանկություն չի հայտնել մասնակցել այդ աճուրդին: Ես խոսել եմ իր հետ, որ գա, մասնակցի չի եկել, հիմա էլ եկել է ու բողոքարկում է, որ իբր չի իմացել, որ այդ տարածքը աճուրդի է հանվել, բայց կրկնում եմ՝ ինքը ամեն ինչից տեղյակ է ու դեռ ավելին՝ ասում էր, թե չի ցանկանում մասնակցել աճուրդին, քանի որ հողերը ուզում է ծախել ու գնալ Ամերիկա:

Իմ մեղքը այս պատմության մեջ կայանում է նրանում, որ որպես համայնքի ղեկավար՝ ես պետք է գնայի, տեղում ուսումնասիրեի, որ տարածքը ինչ վիճակում է, այգի են սարքել: Բայց քանի որ ես մասնագետ չեմ, չեմ գնացել, Վայոց ձորում էլ համապատասխան մասնագետ կանչելը փող է, դրա համար չեմ արել, ու այսպիսի վիճակ է ստեղծվել: Իմ մեղքը այսքանով է, որ պետք է գնայի, տեսնեի՝ տարածքը արոտավա՞յր է, թե՞ այգի: Ա՛յ, որ իմանայի ու որեւէ բան չանեի, դա ուրիշ բան կլիներ, բայց որ չեմ իմացել ու այդպիսի բան են արել, դա արդեն ուրիշ բան է: Չգիտեմ՝ հետո ինչ կլինի, տեսնենք՝ դատարանը ինչ կորոշի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց նախկին գյուղապետը:

Քնար Մանուկյան




Լրահոս