Վարդան Հարությունյանը Վալկոյին հասկացրել է. ինչպես է անցել ՊԵԿ ղեկավարի և գործարարների հանդիպումը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Ծաղկաձոր` ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի եւ նրա տեղակալների հետ հանդիպման գնացած 4 տասնյակ գործարարներ անակնկալի են եկել՝ նրանց կոնֆերանսների դահլիճում են սպասել։ Երկժամյա գործնական քննարկմանը, ի դեպ, Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացած է եղել «դավթարով»` գործարարների հետ ճշտած Հարկային օրենսգրքին առնչվող բազում առաջարկներով, որոնց 99 տոկոսը, ի զարմանս գործարարների, ընդունվել է։ Քննարկման ընթացքում Վարդան Հարությունյանը քանիցս ասել է․ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզանից մեկն ենք ու ամեն ինչ պետք է անենք, որ ձեր աշխատանքը հեշտացնենք»։ Գործարարները պահանջել են մաքսայինում թույլ տալ կանաչ գծերով երկար քայլել, քառակի ստուգումներ չանել, պայմանավորվել են, որ առաջիկա տարում խոշոր բիզնեսի հարկային եկամուտները 20 տոկոսով ավելացնելու են։ Հետաքրքիր զրույց է ծավալվել Հարավ-կովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի ու Վարդան Հարությունյանի միջեւ։ Վալկոն ասել է, որ ինքը բարեգործական բավականին ծրագրեր է իրականացնում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում, բայց միեւնույն է` հարկայինը հարկում է իրեն:

Վարդան Հարությունյանն էլ ասել է, որ երբ ինքը «Հայ-Ռուսգազարդի» տնօրենն էր, ավելի մեծ բարեգործական ծրագրեր էր իրականացնում, բայց, միեւնույն է` պարտաճանաչ վճարում էր հարկերը. «Եթե չեք ցանկանում բարեգործություն անել, մի արեք»: Հանդիպման ավարտին գործարարները հրավիրվել են ճաշի։ 2 ժամ տեւած ճաշը, ըստ մեր զրուցակցի, նույնպես անցել է «գործնականորեն». «Սեղանները դրված էին կլոր, որ յուրաքանչյուր սեղանի մոտ նստած լինի մեկ ՊԵԿ աշխատակից, որ հա՛մ «մեզնից մեկը լինեն», հա՛մ էլ առաջացած հարցերին պատասխանեն»»

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս