Հայաստանում վերջին շրջանում հաճախ կարելի է հիշել այնպիսի ազդեցիկ գործիչների, որոնք եղել են իշխանության հովանավորության տակ, սակայն հետագայում ինչ-ինչ հանգամանքներում սնանկ են ճանաչվել: Եվ ահա այդպիսի մարդկանց թվում է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ»):
Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին է պատկանում «Ախթամար» հյուրանոցային համալիրը, իսկ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 8 դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ախթամար» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ նախկին պատգամավորի ընկերությունից ընդհանուր գանձվի 63 միլիոն դրամ եւ ստիպեն նրան կատարել մաքսային պարտավորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան նաեւ Լեւոն Սարգսյանի սնանկացման մանրամասները: Մարդ, որ տարիներ առաջ բառացիորեն անպատիժ էր:
Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը հորդորել էր Լեւոն Սարգսյանին ներդրում իրականացնել Հայաստանում: Արդյունքում Լեւոն Սարգսյանը, լինելով նրա հավատարիմը, հիմնել է «Ախթամար» հյուրանոցային համալիրը, դրա կազմում ստեղծել նաեւ «Գոլդեն Փելես» խաղատունը:
Լեւոն Սարգսյանի մերձավորներից մեզ հայտնի դարձավ, որ նա «Գոլդեն Փելես» խաղատան դիլլերներին կասկածել է իր դեմ ծուղակ պատրաստելու մեջ: Իսկ ծուղակի էությունը եղել է այն, որ օրերից մի օր Լեւոն Սարգսյանի խաղատուն են այցելել արաբ շեյխեր, որոնք անհասկանալի հանգամանքներում խոշոր գումարներ են շահել. խոսքը ոչ ավել, ոչ պակաս 4 միլիոն դոլարի մասին է՝ 2 փուլով: Լեւոն Սարգսյանը ստիպված է եղել վճարել գումարները:
Իսկ ինչո՞ւ է ստիպված եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արաբ շեյխերը Հայաստանից գնալով՝ որոշել են ամեն գնով իրենց շահած գումարը ստանալ եւ այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկել: Նախ՝ արտերկրի իրենց կապերն են գործի դրել եւ, ի վերջո, կարողացել են խնդրի լուծմանը ներքաշել նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Լեւոն Սարգսյանն էլ չունենալով այլ տարբերակ՝ ստիպված է եղել համակերպվել տեղի ունեցածի հետ եւ արաբ շեյխերին վճարել նրանց շահած գումարները: Բայց որտեղի՞ց:
Խնդրի լուծման նպատակով նա դարձյալ բարձրագույն իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել, մարել արաբների պարտքերը եւ «ընկել վարկի տակ»: Արդյունքում սկսվել է նրա սնանկացման գործընթացը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա գրավադրել է իրեն պատկանող ողջ գույքը, որպեսզի կարողանա փրկել բիզնեսը, սակայն այդ փորձերն անցել են ապարդյուն, քանի որ նախկին պատգամավորին պատկանող գույքը անցել է բանկերի տիրապետման տակ:
Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լեւոն Սարգսյանն այսօր ընդամենը Երեւանում ունի մեկ սեփական բնակարան եւ վերջ:
Նրա մտերիմները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ նա ներկայումս ապրում է Մոսկվայում իր ընկերոջ կողմից տրամադրած բնակարանում:
Հիշեցնենք, որ սա այն Լեւոն Սարգսյանն է, որը իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին ի ցույց դնելու նպատակով որդու անունը դրել էր Սերժ, որպեսզի տանն էլ Սերժ Սարգսյան ունենար:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2013-2014 թվականներին էլ սնանկացավ Սերժ Սարգսյանի մեկ այլ մտերիմ օլիգարխ Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս իննսունականների վերջից համարվում էր բենզինի եւ ցորենի ներկրման մենաշնորհ ունեցող անձանցից մեկը: Հետագայում նա կարողացավ գնել նախկին «Հայխնայբանկը», նրան էր պատկանում Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը եւ այսպես շարունակ: Բայց 2013-ի նախագահական ընտրություններից հետո Միխայիլ Բաղդասարովի գործերը սկսեցին սրընթաց վատանալ, եւ նա սկսեց մեկը մյուսի ետեւից կորցնել իր բիզնեսները: Կարծիքներ կային, որ ամեն ինչ սկսվել է այն բանի պատճառով, որ Բաղդասարովը նախագահական ընտրությունների համար գումար չի տրամադրել Սերժ Սարգսյանին, քանի որ «Արմավիան» արդեն իսկ լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԵՐԱՓՈԽՎԱԾ «ՔԵԹՐԻՆԸ»՝ ԱՎԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին Ավան վարչական շրջանում տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հիմնադրած «Ամալյա Հարությունյան» բարեգործական կազմակերպության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ինչպես բնակիչներ, այնպես էլ ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ։
Նշենք, որ տարբեր համայնքներում արդեն իսկ առկա Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» հասարակական կազմակերպությունից նորաստեղծ կառույցը տարբերվելու է առաջին հերթին ուղղվածությամբ։ Իր ելույթում պատգամավոր Պողոսյանը շեշտեց, որ կազմակերպությունն իրականացնելու է բազմաբնույթ բարեգործական ծրագրեր, որպես առաջնահերթություն՝ ստանձնելով առողջական խնդիրներ ունեցող մինչեւ 14 տարեկան երեխաներին աջակցելու կարեւոր առաքելությունը:
Ինչպես հայտարարվեց՝ նման բարեգործական կազմակերպություն ունենալու խոստում Միհրան Պողոսյանն ավանցիներին տվել էր դեռեւս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Ընտրված վայրն էլ խորհրդանշական է. պատգամավորի մանկությունը հենց այդ տարածքում է անցել, եւ այժմ պապենական տան տարածքում նա հիմնում է իր մոր անունով բարեգործական կազմակերպություն։
«Կենտրոնը նաեւ իմ պատգամավորական գործունեության համար նախատեսված վայր կլինի, որտեղ մարդիկ կկարողանան հանդիպել ինձ»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը:
Նկատենք, որ բարեգործական կազմակերպության բացման կապակցությամբ իրենց գործընկերոջը շնորհավորելու էին եկել ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ, ովքեր Միհրան Պողոսյանի հետ շրջեցին կենտրոնով, ծանոթացան հնարավորություններին։ Պատգամավոր Կարինե Աճեմյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարեւոր համարեց եւ ողջունեց պատգամավորի՝ մարդկանց օգնելուն միտված գործունեությունը։
Ավանցիները պակաս ոգեւորված չէին նոր կենտրոնի բացման կապակցությամբ։ Անձամբ ծանոթ լինելով Միհրան Պողոսյանին, նրա կատարած աշխատանքին՝ ներկաները վստահ էին՝ այս կենտրոնը կծառայի իր նպատակին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միհրան Պողոսյանը նշեց, թե այս կազմակերպության՝ հենց Ավանում հիմնադրվելը չի ենթադրում, թե այն զբաղվելու է միայն ավանցի երեխաների խնդիրներով.«Կենտրոնին կարող են դիմել նաեւ մյուս վարչական շրջանների բնակիչները։ Մենք փորձելու ենք առավել ընդգրկուն խնդիրների շառավիղ վերցնել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Միհրան պողոսյանը:
Նրա խոսքով՝ խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու համար համագործակցություն է լինելու բժշկական կենտրոնների հետ:
Ն. Հ.
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ
Նախօրեին Կիեւում տեղի ունեցած բուռն իրադարձություններից հետո Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ հարցաքննության: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սաակաշվիլին «փախուստի մեջ գտնվող անձի կարգավիճակում է»: Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին կոչ է արել դադարեցնել սադրանքներն ու հարձակումները իր աջակիցների վրա: Ուկրաինայի իշխանությունները Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրում են պետական հեղաշրջման փորձի մեջ:
ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցների՝ 2011թ. 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը դեռեւս վճարված չէ: Ընկերության աշխատակիցները վերջին հույսը մարզի ղեկավարի հետ են կապում: Երեկ կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց՝ հանդիպելու մարզպետ Արթուր Նալբանդյանին, որը լսելով աշխատակիցների դժգոհությունը՝ հետաքրքրվել է. «Դուք ներքին պայմանավորվածություն ունեք, որ մայր գումարը տան, եւ այլեւս պարտք, պահանջ չունեն: Այդ ներքին պայմանավորվածությունը որեւէ մի տեղ երեւո՞ւմ է»: Աշխատակիցները տեղեկացրել են, որ իրենք ունեն նման պայմանավորվածություն, որը գրված է թղթի վրա. «Ես տեղյակ եմ, որ նախագահի հանձնարարականով վարչապետը զբաղվում է այս հարցով: Ամսի 8-ին 3-4 հոգով եկեք ինձ մոտ, կարող է՝ ես ձեզ պատասխան կարողանամ տալ: Իսկ եթե պատասխան չունենամ, կխնդրեմ մի քանի օր եւս, նորից կպատասխանեմ»,-հայտնել է մարզպետը:
75 ՀԱՏՈՐ
«Սասնա ծռեր»-ի գործով հերթական դատական նիստում ամբաստանյալներից Պավել Մանուկյանը մեղադրական եզրակացության առնչությամբ կարծիք արտահայտելիս որոշ մանրամասներ է ասել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Նա ավելի վաղ դատարանում ակնարկել էր, որ իր ձեռքի տակ փաստեր կան: Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյան «կազմակերպված սպանդ» է եղել. «Մենք առաջինն ասացինք, որ տարածքներ ենք կորցրել, մինչդեռ ասում էին, որ նման բան գոյություն չունի: Հետո ասեցին, որ 800 հեկտար ենք կորցրել: Շատ կուզեի, որ ականատեսներից մեկն այսօր այստեղ լիներ ու ասեր, որ մեր տղաներին «ՁԿհ-1»-ով են խփել… արեւի տակ դիակներն այնքան թողեցին՝ հոտեն, որպեսզի ասեին, թե մեր դաշնակցի տված «ՁԿհ»-երով չէին խփել: Ինչո՞ւ այս պետական դավաճանությունը չեն բացահայտում: Եթե ժողովուրդս գտնի, որ ես հանցագործ եմ, խոստանում եմ՝ Ազատության հրապարակում խարույկ կբարձրանամ»,-հայտարարել է նա: Նշենք, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ դատավոր Մեսրոպ Մակյանի սեղանի առաջ դրված է եղել նաեւ մեկ այլ սեղան: Վերջինիս վրա մեղադրական եզրակացության հատորներն են եղել՝ դասավորված մի քանի շարքով: Ի դեպ, մեղադրական եզրակացության ծավալը 75 հատոր է: