ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է մարզային այցելությունները` մարզում գործունեություն իրականացնող գործարարների հնարավոր մրցակցային խնդիրներին տեղում ծանոթանալու եւ դաշտի առավել բարելավմանն ուղղված վերջիններիս առաջարկներին եւ ծրագրերին ծանոթանալու նպատակով: Այս անգամ հանձնաժողովի աշխատակազմը` նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ, Վայոց ձորի մարզում էր:
Հանդիպմանը ներկա էին մարզում գործունեություն իրականացնող մոտ 2 տասնյակ գործարարներ, որոնք զբաղվում են հիմնականում գինու, կոնյակի, կաթնամթերքի, չրեղենի, հրուշակեղենի արտադրությամբ, ինչպես նաեւ գործում են զբոսաշրջության, մանրածախ առեւտրի եւ հյուրանոցային ծառայությունների ոլորտում:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը մարզային կառույցներ չունի, այդ իսկ պատճառով տարվա ընթացքում կազմակերպվում են նման հանդիպումներ, որոնց ընթացքում, ինչպես փորձը ցույց է տալիս, վերհանվում են մի շարք մրցակցային խնդիրներ. «Մեր նպատակն է, որ ձեզանից յուրաքանչյուրը զգա տարեցտարի բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունը իր բիզնես գործունեության վրա, որն անշուշտ կբերի ծավալների, ինչպես նաեւ արտահանման աշխարհագրության ընդլայնմանը»:Հանդիպման ընթացքում հանձնաժողովն անդրադարձավ նաեւ օրեր առաջ ստացված մի դիմում-բողոքի, որն առնչվում է հենց մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողի:
Խոսքը վերաբերում է Վայոց ձորի Ռինդ գյուղում գինեգործությամբ զբաղվող «Սակի ընդ Սանս» ընկերությանը, որը հայտնի է «Զորահ կարասի» ապրանքանիշը ներկայացնող գինիներով: Ընկերությունը ապրանքային նշանի հետ կապված վեճ ունի «Տիեռաս դե Արմենիա» ընկերության դեմ, որը ներկայանում է «Կարաս» ապրանքանիշով:
Տեղեկացնենք, որ «Զորահ կարասի» ապրանքային նշանը Մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցվել է 2012 թվականի մարտ ամսին, իսկ «Տիեռաս դե Արմենիայի» ապրանքային նշանը նույն գործակալության կողմից գրանցվել է մի քանի ամիս ուշ` նույն տարվա հունիսին: Ընկերությունները վիճարկում են «Կարաս» անվանումն օգտագործելու խնդիրը: Ըստ «Տիեռաս դե Արմենիայի»` «Կարաս» բառը իրենց մտավոր սեփականությունն է, եւ որեւէ այլ ընկերություն իրավասու չէ օգտագործելու այն, քանի որ նշված բառի կիրառումը սպառողների մոտ կարող է առաջացնել շփոթություն իրենց արտադրանքի հանդեպ:
Մինչդեռ «Զորահ կարասին» հանձնաժողովին տեղեկացրել է, որ իրենց արտադրանքի պիտակի վրա գերակայում է մեծատառ «Զ» տառը, որի ներքեւում գրված «Կարասի» բառը պարզապես նշանակում է, որ գինին հնեցվել է կարասներում: Խնդրի հետ կապված ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ «Սակի ընդ Սանս» ընկերությունը («Զորահ կարասի») խնդրել է, որպեսզի հանձնաժողովը գնահատական տա, թե որքանով է պետական մարմնի, այս դեպքում Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության կողմից կայացված որոշումը բխում մրցակցության շահերից. «Քանի որ հանձնաժողովն իրավասու է ընդունելու որոշումներ` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու վերաբերյալ, ապա հանձնաժողովը կուսումնասիրի եւ առաջիկայում կհրապարակի իր որոշումը: Բացի այդ` հանձնաժողովը կարող է նաեւ դիմել դատարան պետական մարմինների կողմից ընդունված որոշումները լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու պահանջով»:
Գինեգործությամբ զբաղվող մի քանի ընկերություններ ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարին տեղեկացրին, որ երբեմն խնդիրներ են առաջանում որոշ առեւտրային ցանցերի հետ, որոնք բացի այն, որ հաճախ ուշացնում են մատակարարվող ապրանքի դիմաց վճարումները, երբեմն էլ կիրառում են տարբերակված մոտեցումներ, ինչը խոչընդոտում է դաշտում հավասար պայմաններով աշխատելուն: Բացի այդ` երբեմն կիրառվում են տարբերակված մուտքային վճարներ, ինչը խնդիրներ է ստեղծում հատկապես նոր շուկա մուտք գործող ընկերությունների համար:
Զբոսաշրջությամբ զբաղվող «Վայքի տուրիզմի կենտրոն» ընկերության տնօրեն Ռուզան Ղազարյանը տեղեկացրեց, որ կան որոշ ընկերություններ, որոնք այնքան էլ բարեխիղճ չեն կատարում պետության հանդեպ իրենց պարտավորությունները եւ մրցակցային առավելություն են ստանում դաշտում աշխատող այն ընկերությունների հանդեպ, որոնք գործում են օրենքի դաշտում եւ բարեխիղճ են:
Ի պատասխան տնտեսվարողների այս եւ այլ հարցերի` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ ցանկացած պարագայում տնտեսվարողների գործունեության պայմանները պետք է լինեն հավասար, եւ բացառվեն խտրական մոտեցումները. «Մեր գործունեությունը հենց միտված է դրան, որպեսզի բոլորն ունենան նույն մրցակցային հնարավորությունները: Մեր աշխատանքի ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձրել նաեւ պետական տարբեր մարմինների գործունեությանը պետական գնումների շրջանակում, որպեսզի բոլոր տնտեսվարողների հանդեպ կիրառվող մոտեցումները լինեն համահավասար:Եւ, ի ուրախություն մեզ, պետք է փաստեմ, որ այս առումով իսկապես հասել ենք լուրջ հաջողությունների»:
Ա. Շաբոյանը հորդորեց նաեւ բարձրացված հարցերի վերաբերյալ դիմումներ ներկայացնել հանձնաժողովին, որպեսզի խնդիրները ուսումնասիրվեն առարկայական եւ դրանց լուծումներ տրվեն:
Սյունէ Համբարձումյան