Հարց քաղաքացիներից` ինչո՞ւ է հաշմանդամության կարգը փոխվել առանց հիվանդին տեղեկացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեի 3-րդ կարգի հաշմանդամություն: Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում, առանց բացատրության, հաշմանդամության կարգը հանել են: Բացի նրանից, որ անօրինական կերպով հանել են իմ հաշմանդամության կարգը, ինձ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում ինձ վերաբերվել են, մեղմ ասած, անբարեհամբյուր:

Ուզում եմ հասկանալ` իմ հաշմանդանության կարգի` նման փոփոխության պատճառը ո՞րն է: Նշեմ, որ իմ մոտ առողջական վիճակի բարելավում չի գրանցվել:

Ջանիբեկ Համբարյան (Արմավիրի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե քաղաքացին համաձայն չէ Երեւանի թիվ 7 ԲՍՓ հանձնաժողովի կայացրած որոշման հետ, ապա «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի «ա» կետի պահանջների համաձայն` կարող է այն բողոքարկել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1527-Ն որոշման համաձայն` փորձաքննությանը քաղաքացին կարող է որպես ներկայացուցիչ մասնակից դարձնել նաեւ իր կողմից ընտրած բուժող բժշկին կամ այլ բժիշկ մասնագետի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցավալի է, որ քաղաքացուն հաշմանդամության կարգ տրամադրելու որոշումը Երեւանի թիվ 7 ԲՍՓ հանձնաժողովում մերժել են, իսկ այն, որ նրան վերաբերվել են անբարեհամբյուր, դա անթույլատրելի է:

Այս դեպքում, եթե պատասխանում նշված ժամկետը դեռ չի լրացել, ապա քաղաքացին պետք է դիմի եւ բողոքարկի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կայացրած որոշումը: Հուսանք` գոնե այս անգամ ԲՍՓ աշխատակիցները մարդկային դրսեւորում կցուցաբերեն քաղաքացու նկատմամբ:




Լրահոս