«ՀԱՄԱԽՄԲՄԱՆ» ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ գործիչները վերջին ամիսներին շատ հատուկենտ են իրենց մասին հիշեցնում: Փաստացի վեց ամսից ավել Հայաստանի լրահոսում չհայտնվելուց հետո օրերս հայտնի դարձավ, որ ՕՐՕ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության մի քանի անդամներ ստեղծել են «Այլընտրանքային նախագծեր» անունով հասարակական կազմակերպություն: Հիշեցնենք, որ դաշինքը ԱԺ ընտրություններում ստացել էր 2 տոկոս քվե, այնինչ՝ նվազագույն շեմը հաղթահարելու եւ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ էր յոթ տոկոս ձայն ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ, որը նոր հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է:
-Պարո՛ն Մարգարյան, որպես արտախորհրդարանական ուժ՝ «Համախմբում» կուսակցությունն այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում:
-«Համախմբում» կուսակցությունը հետեւյալ վիճակում է. քանի որ առանձնապես քաղաքական պրոցեսներ երկրում չեն ընթանում, կուսակցությունը դադարի վիճակում է: Բայց մենք ստեղծել ենք «Այլընտրանքային նախագծեր» հասարակական կազմակերպությունը եւ դրանով մեր հասարակական գործունեությունն ենք ծավալում: Հանրային հարցերի շուրջ պարբերաբար մենք հանդես ենք գալիս վերլուծություններով եւ առաջարկություններով:
-ՀԿ-ի կազմում միայն «Համախմբում» կուսակցության անդամնե՞րն են: Վարդան Օսկանյանը ե՞ւս միացել է Ձեզ:
-Վահե Հովհաննիսյանն է, Էլինար Վարդանյանը, այսինքն՝ կուսակցության անդամները: Վարդան Օսկանյանը չի մասնակցում ՀԿ-ի աշխատանքներին:
-Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը:
-Գիտեք՝ հասարակական սեկտորն այլ բան է, հասարակական սեկտորը նրա համար է, որ մենք շարունակենք մեր հանրային գործունեությունը եւ դրա համար ստեղծեցինք այդ կազմակերպությունը եւ շարունակում ենք դա: Դա հասարակական կազմակերպություն է, ինքն այլ բնույթ ունի, դա քաղաքական կուսակցություն չէ:
-Իսկ ՕՐՕ դաշինքի անդամների հետ գործունեություն ծավալո՞ւմ եք, մասնավորապես Սեյրան Օհանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
-Եթե կուսակցությունը հիմա գործունեություն չի ծավալում, հետեւաբար չկան այդպիսի կապեր: Խոսքը չի գնում անձնական կապերի մասին կամ կռված ենք: Դաշինքը ընտրություններից հետո իրավաբանորեն դադարում է գոյություն ունենալ, դա շատ օբյեկտիվ բան է: Ընտրությունները վերջացան, դաշինքը չանցավ, հետեւաբար գոյություն չունի: Կուսակցությունն ինքը գոյություն ունի, բայց քանի որ պրոցեսներ առանձնապես չկան, մենք կուսակցությունով որեւէ բան հիմա չենք անում:
-Ընտրություններից հետո նրանց հետ հանդիպումներ ունեցե՞լ եք:
-Ես անձամբ չեմ հանդիպել ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի, ո՛չ էլ Սեյրան Օհանյանի հետ:
-Պարո՛ն Մարգարյան, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանավորումը բոլորը կապում էին ՕՐՕ դաշինքի գործունեության հետ, սակայն դատական նիստերին ժամանակ առ ժամանակ միայն Անդրանիկ Թեւանյանն էր մասնակցում, ինչո՞ւ մյուսները Բաբայանի կողքին չէին:
-Սամվել Բաբայանն ինքն է հերքել ՕՐՕ դաշինքի կամ քաղաքական ենթատեքստի հարցը: Այնպես չէ, որ դատավարություններին չենք մասնակցել: Եղել է դատավարություն, որ մասնակցել ենք: Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանն այն մարդն է, ով հիմա պետք է ազատության մեջ լիներ: Ուրիշ մեկնաբանություն չունեմ:
Հ.Գ. Հայկական քաղաքական կուսակցությունների պատմությունը ցույց է տվել, որ գործող կուսակցության անդամների կողմից հայրենի քաղաքական ուժից առանձին հասարակական կազմակերպություն հիմնադրելուն, որպես կանոն, հաջորդում է առանձին կուսակցություն ստեղծելը:

 

 

 

ՆՈՐԸՆՏԻՐ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՆԳԱՄ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Խոշորացված Գեղամասար համայնքի շուրջ ստեղծված խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ արդեն անդրադարձել է: Ինչպես հայտնի է՝ համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարվում է նախկին գյուղապետերին իրենց գյուղերում վարչական ղեկավարներ նշանակել: Խոշորացված համայնքի մեջ ներառված են 18 բնակավայրեր, նախկին գյուղապետերը հիմնականում ՀՀԿ-ականներ են: Ի դեպ, ինքը՝ Ավետյանը եւս ՀՀԿ անդամ է: Սակայն նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում հարազատ կուսակցությունը սատարել էր Գեղամասարի համայնքի ղեկավարի մյուս թեկնածուին՝ Զոյա Գեւորգյանին: ՀՀԿ-ական նախկին գյուղապետերն էլ էին նրա օգտին գործել:

Հակոբ Ավետյանի՝ իրեն չսատարած գյուղապետերին անգործ թողնելու որոշման վրա ո՛չ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն է կարողացել ազդել եւ ո՛չ էլ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարը օրերս անձամբ է հանդիպել Ավետյանին եւ նրան հորդորել նախկին գյուղապետերին նշանակել որպես վարչական ղեկավարներ, սակայն Գեղամասարի նոր համայնքի ղեկավարը անդրդվելի է մնացել, ինչի արդյունքում հանդիպումը բավական լարված է ավարտվել:
Հիշեցնենք, որ Հակոբ Ավետյանին ՏԻՄ ընտրություններում սատարել է ԱԺ նախկին պատգամավոր, «Գարդմանահայերի» միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Գեղամասար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանին:
-Պարո՛ն Ավետյան, գյուղերում վարչական ղեկավարներ նշանակե՞լ եք:
-Մի մասում նշանակված են, մի մասում նոր եմ նշանակելու: Ժամանակի ընթացքում:
-Իսկ ո՞րն է պատճառը, որ մի մասին չեք նշանակել:
-Պատճառն ընդամենն այն է, որ ցանկանում եմ՝ ճիշտ նշանակումներ անեմ, դրա համար ուզում եմ չվռազեմ, հանձնում, ընդունում եմ անում: Ես ուզում եմ ամեն ինչին մանրամասն տեղեկանամ, նոր որոշում կայացնեմ:
-Իսկ այն համայնքներում, որտեղ նշանակումներն արել եք, նախկին գյուղապետե՞րն են նշանակվել, թե՞ նոր մարդիկ են:
-Նշանակվածները նորերն են, իսկ հներից դեռ ես ուզում եմ ինքնուրույն որոշեմ՝ որը ճիշտ կլինի: Ես ցանկանում եմ վերջնական համոզմունքի գամ, նոր որոշում կայացնեմ: Մի 6-7 գյուղ է դեռ մնացել, դա էլ կանեմ առաջիկա օրերին, բայց չեմ բացառում, որ կարող են նաեւ հին գյուղապետերից մնան, եթե գտնեմ՝ իրենք նորմալ կարող են լինել, կնշանակվեն:
-Իսկ ո՞րն է պատճառը, որ նախկին գյուղապետերի հետ չեք ցանկանում աշխատել:
-Ես չեմ կարեւորում այն հարցը՝ ով աշխատանք կունենա, ով աշխատանք չի ունենա: Ես կարեւորում եմ, թե ով կարող է լավ ղեկավար լինի: Ուղղակի ինձ պետք է իմ թիմը ձեւավորել անպես, որ յուրաքանչյուրն իր գյուղի մասշտաբով լինի լավ ղեկավար:
-Պարո՛ն Ավետյան, մեր տեղեկություններով՝ վերջերս հանդիպել եք Դավիթ Լոքյանին, ով Ձեզ հորդորել է նշանակել նախկին գյուղապետերին, սակայն Դուք հրաժարվել եք, եւ զրույցը լարված ավարտ է ունեցել:
-Այո՛, պարոն Լոքյանի հետ հանդիպում եղել է, ու ես բոլոր տեղերը նույն բանն եմ ասում: ճիշտ է՝ խոսակցություն եղել է, քննարկում եղել է, բայց ես հենց դա եմ հիմնականում կարեւորում, եւ իրար ճիշտ հասկացել ենք: Ոչ մեկն էլ դեմ չէ լավ կադրեր ընտրելուն, ոչ մեկն էլ դեմ չէ լավ կառավարման: Հանդիպման ժամանակ ամեն ինչ նորմալ է անցել, նորմալ սահմաններում: Լարված իրավիճակ չի ստեղծվել:
-Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ եւս այդ մասին զրույցել եք:
-Դե, այդ հարցերը շատ-շատերին է հետաքրքրում, բայց բոլորին նույն պատասխանն եմ տվել: Ով էլ լինի վարչական ղեկավարներ, կամ աշխատակազմի մեջ, դա լինում է իմ թիմը, որովհետեւ ընդհանուր ղեկավարը ես եմ: Չի լինում իմ աշխատողների մեջ ինչ-որ մեկն ուրիշ թիմում, տարբեր թիմեր չեն լինում:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՆՈՐԸ ԿՆՈՐՈԳԻ
ՀՀ վերահսկիչ պալատի՝ ԱԺ տարածքում գտնվող շենքում տեւական ժամանակ է՝ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՎՊ-ն ձեռնամուխ է եղել հիմնովին վերանորոգման: Մինչ այդ պալատը նոյեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Ագաթ 777» ընկերության հետ այդ նպատակով: Տեղեկացնենք, որ պայմանագրի ընդհանուր գինը կազմում է մոտ 14.5 մլն դրամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրեն Աղվան Կարապետյանը ծնունդով ապարանցի է, Արագած գյուղից, եւ այդ նույն ընկերությունն է իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի շենքի շինաշխատանքները: ՎՊ-ի դեպքում նորոգման աշխատանքները որոշակի դանդաղությամբ են առաջ գնում, այնպես որ պալատի աշխատակիցները ստիպված են աշխատանքի գնալ ոչ թե ԱԺ տարածքում գտնվող մասնաշենքում, այլ Խանջյան փողոցում տեղակայված իրենց մասնաճյուղում:

 

 

 

«Vaz 21»-ՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾԸ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի 41-ամյա ղեկավար Նաիրի Հարությունյանը, ով անցած տարի է այս պաշտոնին նշանակվել, պարզվում է՝ բավականին ապահովված է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի անհատական բնակելի մեկ տուն, հասարակական նշանակության երկու շինություն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք եւ երկու հատ՝ «Vaz 21213», «Gaz 3302-418» մակնիշի ավտոմեքենաներ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաեւ, որ բացի այս՝ Հարությունյանը մեկ ընկերությունում ունի 50 հազար դրամի բաժնեմաս: Նա փոխառություններից եւս խեղճ չէ. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրանք կազմել են 5.3 մլն դրամ, 1500 եվրո եւ 4000 դոլար: Իսկ ահա դրամական միջոցները կազմել են 3.5 մլն դրամ, 15 հազար 700 դոլար, 150 հազար ռուսական ռուբլի, 9500 եվրո եւ 1000 ֆունտ ստեռլինգ: Աշխատակազմի ղեկավարը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած 2 մլն 205 հազար դրամի չափով աշխատավարձ, վարձակալության դիմաց ստացած 1 մլն 343 հազար դրամ, եւ տրված փոխառության դիմաց ստացած 15 եվրո:

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրակարգում 14 հարց է ներառված՝ իրենց ենթակետերով: Կան նախագծեր, որոնք այսօր քննարկման են դրվելու երկրորդ ընթերցմամբ, այդ թվում՝ ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աղմկահարույց նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը: Նշենք, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, նախատեսված է անցկացնել եւս մեկ արտահերթ նիստ, որի օրակարգում եւս հիմնականում երկրորդ ընթերցմամբ քննարկման ենթակա նախագծեր են ընդգրկված լինելու:




Լրահոս