«Ժողովուրդ»-ը «Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանի հետ զրուցել է գեղեցկության մրցույթներին մասնակցելու ցանկության, դստեր՝ Մեգգիի գրանցած հաջողությունների, Ամանորը ընտանեկան միջավայրում դիմավորելու եւ այլ թեմաների շուրջ:
-Իրինա՛, տարիներ առաջ Դուք վաստակեցիք գեղեցկուհու տիտղոսն ու հետագայում, երբ ընտանիք կազմեցիք, երեխաներ ունեցաք, պասիվացրիք Ձեր գործունեությունն այդ դաշտում: Հնարավո՞ր է, որ առաջիկայում մասնակցեք կանանց, մայրիկների գեղեցկության մրցույթների, թե՞ այժմ Ձեզ ավելի շատ այդ մրցույթների կազմակերպման ընթացքն է հետաքրքրում:
-Անկեղծ ասած՝ վաղուց չէի էլ մտածել այդ հարցի շուրջ: Ավելի շատ մտածում եմ գեղեցկության մրցույթներին իմ աղջիկների մասնակցության մասին: Օրինակ՝ մեծ աղջիկս՝ Մեգգին, դեռ փոքր տարիքում հասցրել է մասնակցել երեք գեղեցկության մրցույթի: Դա ինձ ավելի մեծ հաճույք է պատճառում, քան իմ մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին: Չնայած՝ ինչո՞ւ ոչ, չեմ բացառում, որ ես էլ կմասնակցեմ մրցույթների, մեկ էլ տեսար…
-Հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեք վերջին շրջանում Հայաստանում կազմակերպվող գեղեցկության մրցույթների մասին: Մեզ ի՞նչն է պակասում այս ոլորտում:
-Եկեք այս հարցին չպատասխանեմ, ուղղակի լռեմ, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ: Մեզ շատ բան է պակասում: Ինքս կազմակերպում եմ միջոցառումներ, եւ իմ աչքից ոչինչ չի վրիպում:
-Բայց հույս կա՞, որ Հայաստանում այս ոլորտը վերջապես կկարգավորվի, միջոցառումները կկազմակերպվեն պրոֆեսիոնալ մակարդակով:
-Այո՛, ես շատ ավելի լուրջ բաների հետ եմ հույսեր կապում, այս ոլորտի հետ նույնպես:
-Նշեցիք, որ Մեգգին հասցրել է գեղեցկության երեք մրցույթի մասնակցել: Իսկ կուզենա՞ք, որ Ձեր դուստրերը շարունակեն Ձեր ճանապարհը եւ մանուկ հասակում, ինչու ոչ, նաեւ հետագայում մասնակցեն նմանատիպ մրցույթների:
-Բնականաբար, այո՛: Բացի Մեգգիից՝ կուզենամ, որ փոքրիկներս էլ հետագայում մասնակցեն գեղեցկության մրցույթների: Հավատացեք՝ դրանք շատ կարեւոր են աղջիկ երեխաների համար: Եթե աղջիկ բալիկներն, օրինակ, թմբլիկ են, չարժե, որ մասնակցեն նման մրցույթների, բայց եթե ծնողներն այն կարծիքին են, որ իրենց երեխաներն ունեն համապատասխան տվյալներ, արժե, ինչու ոչ: Բացի գեղեցկության մրցույթներից՝ կարծում եմ՝ երեխաների համար օգտակար է մասնակցությունը շախմատի, գիտելիքները ստուգող մրցույթների եւ այլն:
-Մեգգին, կարծես թե, հստակ քայլեր է անում նաեւ երգարվեստում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին: Կցանկանա՞ք, որ նա շարունակի իր գործունեությունը այդ ասպարեզում:
-Մեգգին միայն երգարվեստի բնագավառում չէ, որ ակտիվ քայլեր է անում: Նա արդեն տասը տարուց ավել է՝ պարում է եւ մի շարք մրցույթների դափնեկիր է: Երգը նույնպես նրա տարերքն է, դուստրս բավական հաջողությունների է հասել նաեւ երգարվեստի ասպարեզում: Ես ո՞նց կարող եմ դրանից չոգեւորվել, չքաջալերվել: Բոլոր ծնողներին ի սրտե մաղթում եմ, որ շատ ուշադրություն հատկացնեն իրենց երեխաներին, եւ եթե տեսնում են, որ նրանք ցանկանում են բարձրանալ բեմ, սատարեն նրանց:
-Իրինա՛, շուտով Ամանոր է, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք պատրաստվում այդ տոնին: Որտե՞ղ եք պատրաստվում նշել Նոր տարին:
-Ասեմ, որ Ամանորն իմ ամենասիրելի տոնն է: Բնականաբար, այն կանցկացնենք ընտանեկան միջավայրում: Կուզենամ, որ հայրիկս ու մայրիկս էլ միանան մեզ, մեր փոքրիկների հետ գեղեցիկ փաթեթավորված նվերներով գնանք ամուսնուս ծնողների տուն, համեղ ուտելիքներ ճաշակենք՝ Ձմեռ պապիկի ու Ձյունանուշիկի ուղեկցությամբ: Վստահ եմ՝ իմ սպասած հեքիաթային տոնն ենք ունենալու: Մեզ այցելելու են հրաշք հյուրեր, երեխաներիս ուրախությանն էլ չափ ու սահման չի լինելու: Այդ ամենին այնքան բարձր տրամադրությամբ ենք սպասում, որ խոսքերով նկարագրել հնարավոր չէ:
-Իսկ ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից: Կարծես թե ունեք ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար:
-Ձմեռ պապիկից ակնկալում եմ, որ գալիք տարում ոչ մի երեխա չհիվանդանա: Սա է իմ ամենամեծ ցանկությունը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՍԻԼՎԱՅԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋ
Երգչուհի Սիլվա Հակոբյանը Ամանորը դիմավորելու է Ռուսաստանի Դաշնությունում՝ կոորպորատիվ միջոցառման շրջանակներում։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նրա հայրը՝ պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը։
Հարցին, թե նոր տարում ո՞րը կլինի Սիլվայի առաջին մեծ անակնկալը երկրպագուներին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ապրիլի 8-ին Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի կունենա Սիլվայի մենահամերգը։ Շատ այլ համերգներ հետաձգել ենք, որպեսզի այն կարողանանք կյանքի կոչել։ Համերգի ընթացքում կհնչեն նաեւ մի շարք նոր երգեր, որոնք չենք հասցնում ձայնագրել եւ վերածել տեսահոլովակի»։
Մենք հետաքրքրվեցինք՝ Սիլվայի ամուսինը չի տխրում արդյոք, որ երգչուհին Նոր տարին տանը չի դիմավորելու. «Չէ, նման բան չկա, բոլորս էլ համաձայն ենք եւ սատարում ենք միմյանց։ Բացի այդ՝ հնարավոր է՝ բոլորս միասին լինենք Ռուսաստանում։ Սովորաբար նման որոշումները վերջին պահին ենք կայացնում, չգիտեմ՝ ինչպես կստացվի»,-ասաց պրոդյուսերը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի Սիլվան համերգներով հանդես է գալու նաեւ Ռոստովում, Տուլայում, նաեւ ներկայացնելու է նոր տեսահոլովակ՝ Մանե Հակոբյանի հեղինակած սիրային երգի հիման վրա։
Դիտարկմանը, թե վաղուց ժամանակն է, որ Սիլվան մենահամերգով հանդես գա Երեւանում, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Մենք էլ ենք դա հասկանում։ Նախատեսել էի, որ Սիլվան ունենար Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես մենահամերգների շարք,բայց միաժամանակ երեք ճակատում աշխատելը մեծ բեռ կլիներ ինձ համար, այդ պատճառով որոշեցինք ընտրել միջանկյալ «կայան»՝ Մոսկվան։ Մյուս տարի էլ, հավանաբար, Սիլվան մենահամերգով հանդես կգա կա՛մ Երեւանում, կա՛մ Լոս Անջելեսում, տեսնենք՝ ինչպես կստացվի։ Ամեն դեպքում, ինքներս էլ զգում ենք, որ մենահամերգի պահանջարկը կա»։
Իսկ հարցին, թե որքան ժամանակ է պատրաստվում լինել դստեր պորդյուսերը, Հակոբ Հակոբյանը տվեց կտրուկ պատասխան. «Մինչեւ կյանքիս վերջ՝ անկախ այն բանից՝ դա որոշ մարդկանց դուր գալիս է, թե ոչ։ Ուրիշ մարդ կարո՞ղ է ինձնից ավելի լավ պրոդյուսեր լինել, այդքան սրտացավորեն անել այն, ինչ ես եմ անում»։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ