ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 11:20-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:
Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:
Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:
Ժամը 08:30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 29-30-ը Լարսի սահմանային անցակետը հատել է 2003 տրանսպորտային միջոց:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 350 բեռնատար: