ՀՀ ֆինանսների նախարարությունը, կարծես թե, պորտֆելների սիրահար է եւ ոչինչ չի խնայում դրանց ձեռքբերման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունն անցած տարվերջին` դեկտեմբերի 12-ին, պայմանագիր է կնքել «Ալֆա Թրեյդ» ընկերության հետ եւ գնել 40 հատ պայուսակ-պորտֆել: Նշենք, որ յուրաքանչյուր պորտֆելի արժեքը կազմում է 17 հազար 500 դրամ եւ ընդհանուր 40 հատ պորտֆելի համար պետական բյուջեից ծախսվել է 700 հազար դրամ:
Ի դեպ, ֆինանսների նախարարությունը պորտֆելների տեխնիկական բնութագրում նշել է, որ պորտֆելները պետք է լինեն սեւ գույն, արհեստական կաշվից, իսկ պորտֆելի դիմամասի վրա պետք է դաջված լինի իրենց գերատեսչության շենքի պատկերը: Թե ինչի կամ ում համար են գնվել պայուսակները, անհայտ է: Հայտնի է միայն, որ եւս 20 հատ պորտֆել ֆինանսների նախարարությունը անցած տարվա հոկտեմբերին է գնել` կրկին պայմանագիր կնքելով վերոնշյալ ընկերության հետ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 20 հատ պորտֆելի համար էլ այս նախարարությունը վճարել է 270 հազար դրամ. յուրաքանչյուր պորտֆելը արժեցել է 13.500 դրամ: