Դիլիջանի զինկոմի որդին` կրակոցների կիզակետում. ինչպես է տեղի ունեցել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Սերգեյ Միքայելյանի դատավարությությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն:

Համաձայն առաջադրված մեղադրանքի` նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով նախատեսված հանցագործության մեջ: Ս. Միքայելյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում:

Հիշեցնենք, որ Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու` Դավիթ Հակոբյանին առնչվող քրեական գործով տուժող էր, նա մեղադրվում է այդ քրեական գործի քննության հանգամանքների վերաբերյալ քննիչ Ս. Սաղաթելյանի հանդեպ սուտ մատնության կատարելու մեջ: 2016թ. փետրվարի 11-ին Դիլիջանի Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքում Դավիթ Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Սերգեյ Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ պաշտպանիչ վահանակի ուղղությամբ:

Կրակոցների հետեւանքով Սերգեյ Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: Հանցագործությունն ավարտին չի հասցվել Դ. Հակոբյանի կամքից անկախ հանգամանքներում: Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել:

2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ` կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս