Աբսուրդ իրավիճակ՝ Վանաձորի գրադարանների աշխատակիցների համար. քաղաքապետարանը մանիպուլյացիա է անու՞մ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ Վանաձորի գրադարանային համակարգում գործող 8 գրադարաններից 4-ը համայնքի ավագանու որոշմամբ օպտիմալացվեց: Որոշվեց, որ թվով 3 գրադարան հանձնվի դպրոցներին, 1 գրադարան էլ փակվեց: Այս որոշումը հանգեցրեց նրան, որ կրճատվեցին նաեւ մի շարք հաստիքներ: Արդյունքում 62 աշխատակցից համակարգում մնացել է ընդամենը 28-ը:

Հիշեցնենք, որ օպտիմալացման վերաբերյալ որոշումն ընդունվել էր համայնքի ավագանու նիստի ընթացքում, դրան դեմ էր Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց` երբ օպտիմալացված 4 գրադարաններից 3-ը հանձնվել է դպրոցական գրադարանին, դպրոցում նոր աշխատատեղերի պակաս է ի հայտ եկել:
Արմեն Եղիազարյանը տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը բազմիցս նամակներով դիմել է Վանաձորի քաղաքապետարան` խնդրելով որեւէ լուծում տալ նշյալ խնդիրներին․ «Օրեր առաջ հանդիպել ենք կրճատված աշխատակիցների հետ, նրանք տեղեկացրին, որ դիմել են նաեւ ՀՀ կառավարությանը: Այնտեղից վերջիններիս պատասխանել են, որ գրադարանները չեն փակվել, պարզապես կրճատումներ են եղել: Բայց, ախր, դա աբսուրդ է, իսկական մանիպուլյացիա: Ինչպե՞ս կարելի է ասել` մենք գրադարան չենք փակել այն դեպքում, երբ գրադարանների դռները փակ են, դրանք չեն գործում: Ի՞նչ է դա, եթե ոչ փակել»,-շեշտեց Արմեն Եղիազարյանը:

Նրա պնդմամբ` որոշումները, ըստ որոնց աշխատակիցներին կրճատել են, անօրինական են․ «Եթե սա ապացուցվի, կրճատված աշխատակիցներին նույնիսկ պետք է փոխհատուցում տրվի հարկադիր պարապուրդի համար: Այնպես որ, թեման ուսումնասիրության փուլում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը` խոստանալով հետագայում տրամադրել այլ տվյալներ:
«Ժողովուրդ»-ը կհետեւի հետագա զարգացումներին եւ առաջիկայում կներկայացնի այլ տեսակետներ եւ փաստարկներ եւս:

Աննա Բաբաջանյան




Լրահոս