Ղարաբաղյան շարժման 30-ամյակը` անտեսված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը. իրադարձություն, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին, Հայաստանի Հանրապետության ստեղծմանը: Սակայն Հայաստանի գործող իշխանությունները չեն պատրաստվում որեւէ կերպ նշել Շարժման 30-ամյակը: ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասել են, թե դեռ որեւէ միջոցառում նախատեսված չէ այդ առիթով:

Իհարկե, Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների այս անտարբերությունը, թերեւս, պատահական չէ. այսօր Հայաստանում իշխանության ղեկին են խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչները, որոնք ժամանակին դեմ էին անկախացմանը, իսկ իշխանության ջահել մասը պարզապես չի գիտակցում Շարժման դերն ու նշանակությունը: Բացի այդ` այս իշխանությունը տարիներ շարունակ հետեւողականորեն մսխել է անկախության տարիների ձեռքբերումները:

Համեմատության համար նշենք, որ Շարժման 30-րդ տարեդարձը մեծապես կարեւորում են Ղարաբաղում եւ այնտեղ պատրաստվում են տոնը նշել մեծ շուքով: Իսկ երեկ Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, քննարկվել են միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները:

Հ.Գ. Ավելորդ է, թերեւս, հիշեցնել, թե կառավարությունը եւ պետական մյուս մարմիններն ինչպիսի ջանասիրությամբ են միլիոնավոր դրամներ տրամադրում զանազան անիմաստ միջոցառումների եւ անլուրջ փառատոների կազմակերպման, անցկացման համար: Բայց մեր պատմությունն արժեւորելու քայլ չի արվում»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս