«Փաստ» թերթը գրում է. «Անցյալ տարվա սեպտեմբերի 1–ից սկսած հացաբուլկեղենը և միսը պետք է սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով տեղափոխվեր: Մինչ այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ հացամթերքի և մսամթերքի տեղափոխման փուլում ակնառու խնդիրներ կան, ուստի ՍԱՊԾ–ի կողմից այդ համակարգը ներդնելուց հետո սնունդը կտեղափոխվի համապատասխան տրանսպորտային միջոցներով, ինչն էլ հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել:
«Պետական գնումներով մատակարարումների համար օրենքը սեպտեմբերի 1–ից կգործի, նոյեմբերի 1–ից պարտադիր կլինի Երևանում գործող բոլոր տնտեսվարողների համար, իսկ փետրվարից համակարգը կգործի նաև հանրապետության մնացած մարզերում»,– ասել էր Վահե Դանիելյանը:
Սպառողների ու արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունները այս քայլը դրական էին գնահատել, բայց արի ու տես, որ դա էլ մնաց թղթի վրա: Այսօր էլ խանութներին հացամթերք մատակարարողները շարունակում են հացն ու հացաբուլկեղենը սովորական մեքենաներով և նույն մաշված ու կեղտոտ «բանանի» տուփերով տեղափոխել:
Միակ առաջընթացն այն է, որ եթե նախկինում մեքենայի բեռնախցում էին տուփը դնում, հիմա դրանք մեքենայի սրահում են դնում: Ինչ խոսք, առաջընթաց է, չէ՞, բայց հարց է ծագում՝ ուր մնացին այն խոստումները, թե՝ նոյեմբեր ամսից մայրաքաղաքում այլևս «բանանի» տուփերով ու սովորական մեքենաներով մատակարարների չեք տեսնի:
Փաստորեն, ՍԱՊԾ–ի ներդրած այս համակարգը նույնպես չգործեց, չնայած բավականին թվով սանիտարական անձնագրեր տրամադրվեցին տնտեսվարողներին:
Հիշեցնենք նաև, որ ըստ ՍԱՊԾ–ի, նշված համակարգը փետրվարից պետք է գործի ողջ հանրապետությունում: Ասել է թե պետք է որ հեռու չլիներ այն օրը, երբ այլևս անցյալ կդառնան անձնական մեքենաներով հաց ու այլ մթերքներ տեղափոխելու արատավոր երևույթները: Բայց տեսնելով մայրաքաղաքի կենտրոնում տիրող իրավիճակը, կարող ենք վստահ պնդել, որ ինչպես Երևանի, այնպես էլ ողջ հանրապետության սպառողների համար մասնագիտացված մեքենաներով տեղափոխված և հիգիենայի չափանիշներին համապատասխանող մթերքից օգտվելն այդպես էլ կմնա երազանք, իսկ ՍԱՊԾ–ի նախաձեռնությունն էլ, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ՝ թղթի վրա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում