Մեղրիի բնակիչները բոյկոտել են հանդիպումը և լքել դահլիճը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «2 օր բողոքի ցույց անցկացնելուց հետո Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները հանդիպել են «Մեղրի–2» փոքր ՀԷԿ–ը կառուցող ընկերության՝ «ԳրինՓաուր» ՍՊԸ–ի ներկայացուցիչների հետ:

ՀԷԿ–ը կառուցվում է Մեղրի գետի վրա: «ԳրինՓաուր»–ը Մեղրի գետի վրա արդեն իսկ շահագործում է «Մեղրի–1» ՓՀԷԿ–ը:

Բնակիչները դժգոհում են, որ ՀԷԿ–ի գործունեության պատճառով Մեղրի գետի ջուրը պակասում է, իրենք այգիները չեն կարողանում ոռոգել: Առանց այն էլ ոռոգման ամիսներին այստեղ խնդիրներ են առաջանում:

Ըստ տեղացիների՝ Մեղրիում առանց ջրելու հնարավոր չէ բերք ստանալ: Մեղրեցիների միակ եկամուտն էլ բերքից ստացված գումարն է: Բնակչության մի մասը զբաղվում է այգեգործությամբ, իսկ մյուս մասը այգիներից ստացվող բերքի վերամշակմամբ:

«Երևաններից գալիս են, իրանց գերշահույթների համար մեզ մեր միակ եկամուտից զրկում են: Սե՞նց են սահման պահում: Գետերը չորացել են»,– դժգոհեցին այգետերերը:

Հանրային քննարկման ժամանակ, սակայն, կողմերը համաձայնության չեն եկել: Մեղրիի բնակիչները բոյկոտել են հանդիպումը և լքել դահլիճը: Բողոքի դուրս եկած բնակիչների հետ հանդիպել էր ՀԷԿ–ը շահագործող ընկերության փոխտնօրենը:

«Հանդիպում– քննարկումը կառուցողական չէր, որևէ համաձայնության չեն եկել: Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչը հայտարարեց՝ եթե հայտարարի չգան, պատրաստվում են դիմել քաղաքապետարան՝ դադարեցնելու գործունեությունը»,– «Փաստ»–ին փոխանցեց Մեղրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Այս պահին «Մեղրի–2» ՀԷԿ–ի կառուցման շինաշխատանքները դադարեցվել են:

Տեղեկացնենք նաև, որ այն Մեղրի գետի վրա կառուցվող արդեն 5–րդ ՀԷԿ–ն է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս