Այսօր Ս. Սարգիս զորավարի տոնն է՝ Երիտասարդների օրհնության օրը: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր:
Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Ազգագրագետները հավաստիացնում են, որ սխալ է այն տեսակետը, թե աղիբլիթը պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին եւ գտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կինը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել:
Աղաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ աղ, ջուր և ալյուր: Ալյուրի վրա պետք է ավելացնել աղը, այնուհետեւ ջուրը: Խառնելայնքան, որ ստացվի միատարր զանգված: Ստացված խմորը գրտնակի օգնությամբ պետք է տարածել եւ բարակեցնել, այնուհետեւ կտրատել ըստ ցանկության: Դնել ջեռոցը եւ թողնել այնքան, որ բլիթների մակերեսը վարդագույն դառնա: