Գնաճի թեմայով Սերժ Սարգսյանի հանձնարարությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, բայց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրել հացահատիկի եւ ալյուրի շուկան:
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով անցկացված խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը մի շարք հանձնարարականներ էր տվել ոլորտի պատասխանատուներին: Մասնավորապես ՏՄՊՊՀ-ին առաջարկվել էր բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ: Ավելին` ՏՄՊՊՀ-ին հանձնարարվել էր ուսումնասիրել հացահատիկի եւ ալյուրի շուկաներում գնագոյացումը եւ խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Երեկ ՏՄՊՊՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ալյուրի եւ ցորենի շուկայի ուսումնասիրության աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են. դիմել են տնտեսվարողներին եւ սպասում են տվյալների: Հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրում է ամբողջ շղթան` ցորենի ներկրումից, ալյուրի վերամշակումից մինչեւ հացի արտադրություն: Նշենք, որ ալյուրի ոլորտում 67 տնտեսվարող ներմուծում է իրականացնում:
«Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես արտադրում եմ ալյուր, որն էլ մատակարարում եմ հացի փռերին, իսկ ես ալյուրի գին չեմ բարձրացրել: Ցորենը մենք ներկրում ենք Ռուսաստանից, բայց չենք պատրաստվում այն թանկացնել: Անգամ, երբ էներգակիրների գները բարձրացան, մենք ոչ մի թանկացում չենք արել: Փառք Աստծո, դիմանում ենք: Առաջիկայում եւս չենք պատրաստվում ալյուրի գինը բարձրացնել: Ես ինքս վերջին շրջանում մի քանի անգամ գնացել եմ Ռուսաստան եւ նկատել եմ, որ այնտեղ ցորենի պաշարները բավականին մեծ են, չեմ կարծում, որ այնտեղ եւս ցորենը, ալյուրը թանկանան: Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս գները պահպանել»:
Բայց ալյուրի արտադրությունից բացի` «Մանչո գրուպ» ընկերությունը զբաղվում է նաեւ հրուշակեղենի արտադրությամբ: Իսկ հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետեւանքները թողնի դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումը: «Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետեւ հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռեւս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- նկատեց գործարարը: Իվան Մոսոյանը, սակայն, դժվարացավ հստակ ժամկետներ նշել, թե ե՞րբ կբարձրացնեն հրուշակեղենի գինը: «Նոր է թանկացել դիզվառելիքը, այս ամիսը փակենք, տեսնենք` ինչ արդյունք կունենանք, ըստ դրա էլ կվերանայենք: Ժողովուրդը խիստ ոչ գնողունակ է, մենք էլ շահագրգռված չենք ապրանք թանկացնել: Քանի որ հենց գնային մի քանի դրամի տատանումներ ենք ունենում, միանգամից ապրանքատեսակի սպառման ծավալները նվազում են: Դա էլ մեզ ձեռնտու չէ: Պատահում է, որ փոքր վնասով ենք աշխատում կամ ինքնարժեքով, բայց միայն թե շրջանառությունը անընդհատ շարունակվի»,- անկեղծացավ «Մանչո գրուպ»-ի սեփականատերը:
Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը եւս բացառեց հացամթերքի շուկայում թանկացումների հավանականությունը: «Հացամթերքի շուկայում թանկացում կլինի միայն այն դեպքում, երբ ալյուրի գինը բարձրանա: Իսկ առաջիկայում ալյուրը դժվար թանկանա»,- նշեց հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողը: Գործարարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ առաջիկայում ո՛չ հացի գինը կբարձրանա, ո՛չ էլ քաշը կնվազի: «Չեմ կարծում, որ հացի մյուս արտադրողները թանկացման կգնան: Քանի որ դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումը չնչին տոկոս է կազմում հացի արտադրության ոլորտում: Եւ երբեք դրա պատճառով չի կարող հացի գինը փոփոխվել»,- հայտարարեց Աշոտ Ավետիսյանը` հավելելով, որ Ռուսաստանում հացի գինը բարձրացել է հարկային քաղաքականության հետեւանքով:
Մինչ այդ Սեւանի հացի գործարանի տնօրենը նկատեց, որ հացի սպառման ծավալները Ամանորից հետո նվազել են. «Մեզ մոտ սպառման ծավալները ընդհանրապես Ամանորից հետո միշտ փոքր-ինչ նվազում են: Սովորաբար դա նկատվում է հունվարին` տոնական օրերից հետո: Հավանաբար մարդկանց գումարներն են վերջանում»:
Սյունէ Համբարձումյան