Կար անուն, որն արժանի էր պետական մրցանակի, բայց մենք բաց ենք թողել շանսը. Արա Խզմալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականին մի քանի ոլորտներում պետական մրցանակներ չեն շնորհվել: Դրանց թվում է նաեւ թատերական ոլորտը: Ներկայացված է եղել ընդամենը երկու աշխատանք` Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» եւ Երվանդ Ղազանչյանի «Եղած-չեղած մի կյանք» ներկայացումները: Սակայն ներկայացումները հավաքել են հավասար ձայներ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է թատերագետ, թատերական արվեստի հանձնախմբի անդամ Արա Խզմալյանի հետ:

-Պարո՛ն Խզմալյան, մտահոգիչ չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ պետական մրցանակի համար ընդամենը երկու հայտ է ներկայացվել, ոլորտի գործիչները ստիմուլ չունե՞ն, թե՞ այլ խնդիր կա, ըստ Ձեզ։

-Ամեն քվեարկությունից հետո ես ասում եմ, որ հայտերի ընդունման ընթացակարգը պետք է փոխվի, այսինքն` պետք է ինֆորմացիոն հստակ քաղաքականություն վարել, մարդկանց իրազեկել: Շատերը պարզապես չգիտեն, որ պետական մրցանակի համար հայտեր են ընդունվում: Հանձնախմբի անդամները պետք է բավականաչափ ակտիվ լինեն, պետք է հստակ աշխատանք տանեն ստեղծագործական խմբերի հետ, համապատասխան հայտարարությունը պետք է տարածված լինի ինտերնետային տիրույթում, թերթերում, թատրոնները եւս պետք է տեղեկացվեն այդ մասին: Իսկ հետո արդեն հարկավոր է մշակել հստակ ֆիլտրեր` հիմնված կոնկրետ չափանիշնորի վրա: Օրինակ` պետք է հաշվի առնել` տվյալ ներկայացումը քանի փառատոնի է մասնակցել, դրա մասին քանի հոդված է տպագրվել, քանի անգամ է այն խաղացվել հասարակական ինչ արձագանք է այն ունեցել: Դրանից հետո արդեն որոշակիորեն զտված ներկայացումները կարող են ներկայացվել հանձնախմբի դատին:

-Հանձնախմբի անդամների խոսքով` համակարգը բավական բաց է, եւ ցանկացած մեկը, այդ թվում` ուսանող, ով համարում է, որ արժանի է պետական մրցանակի, կարող է հայտ ներկայացնել: Եթե այդպես է` ինչո՞ւ պատկերն այնքան էլ հուսադրող չէ:

-Իհարկե, պոտենցիալ մասնակիցների շրջանում կարող է լինել որոշակի թերահավատություն, չեմ բացառում, բայց, ինչպես նշեցի, հիմնական խնդիրը ինֆորմացիայի պակասն է:

-Այս պարագայում ի՞նչ անելիք ունի թատերական գործիչների միությունը:

-Կարծում եմ, որ պետք է չափանիշներ մշակվեն նաեւ հանձնախմբի անդամների ընտրության հարցում: Ցանկալի է, որ հանձնախմբում լինեն մասնագիտական առումով չեզոք մարդիկ. որքան չեզոք լինեն անդամները, այնքան արդյունավետ կլինի ընտրությունը:

-Իսկ ճի՞շտ եք համարում, որ երբ երկու ներկայացում հավասար ձայներ են հավաքում, դրանցից ոչ մեկը պետական մրցանակի չի արժանանում:

-Ի վերջո, կա կանոնակարգ, որով մենք առաջնորդվում ենք, պետք է աշխատի «50+1» սկզբունքը, հակառակ դեպքում իրավունք չունենք որեւէ մեկին առավելություն տալու:

-Իսկ ի՞նչ եք կարծում` դաշտում կա՞ն ներկայացումներ, որոնք արժանի են գոնե պետական մրցանակի ներկայացվելուն, եթե ոչ հենց մրցանակին:

-Ներկայացված հայտերի մեջ արդեն իսկ կար պետական մրցանակի արժանի ներկայացում, բայց մենք բաց ենք թողել մեր ստեղծագործողին շնորհակալություն ասելու եւ գնահատելու շանսը: Կար անուն, որը բոլոր չափանիշներով արժանի էր պետական մրցանակի, նա միջազգային բոլոր հարթակներում պատվով հանդես էր եկել, ներկայացրել էր Հայաստանը, շահել էր մրցանակներ եւ այլն:

-Ո՞ր ներկայացման մասին է խոսքը:

-Երեւի ճիշտ չի լինի, ես չեզոքությունս կորցնեմ եւ փակագծեր բացեմ:

-Այսինքն` ունենք պոտենցիալ, որը չի՞ գնահատվում:

-Չէի ասի, թե չի գնահատվում, պարզապես ճաշակի, ընկալումների հարց կա: Ամեն մեկն իր խղճի մտոք քվեարկել է: Ուղղակի հաճախ, երբ որեւէ մեկը պետական մրցանակի չի արժանանում, ասում են, թե դրան արժանի ներկայացում չկար, բայց եթե երեք հոգի քվեարկել են մեկի, երեք հոգի` մյուսի օգտին, նշանակում է` գնահատել են թե՛ մեկին, թե՛ մյուսին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս