Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի 35 NP 805 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Համբարյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Սրեյանի և ավագ քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Սրեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և հավանաբար կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վիգեն Հարությունյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ