ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ՝ ԱՆՏԵՍՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը. իրադարձություն, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին, Հայաստանի Հանրապետության ստեղծմանը: Սակայն Հայաստանի գործող իշխանությունները չեն պատրաստվում որեւէ կերպ նշել Շարժման 30-ամյակը: ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասել են, թե դեռ որեւէ միջոցառում նախատեսված չէ այդ առիթով:
Իհարկե, Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների այս անտարբերությունը, թերեւս, պատահական չէ. այսօր Հայաստանում իշխանության ղեկին են խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչները, որոնք ժամանակին դեմ էին անկախացմանը, իսկ իշխանության ջահել մասը պարզապես չի գիտակցում Շարժման դերն ու նշանակությունը: Բացի այդ` այս իշխանությունը տարիներ շարունակ հետեւողականորեն մսխել է անկախության տարիների ձեռքբերումները:
Համեմատության համար նշենք, որ Շարժման 30-րդ տարեդարձը մեծապես կարեւորում են Ղարաբաղում եւ այնտեղ պատրաստվում են տոնը նշել մեծ շուքով: Իսկ երեկ Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, քննարկվել են միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները:
Հ.Գ. Ավելորդ է, թերեւս, հիշեցնել, թե կառավարությունը եւ պետական մյուս մարմիններն ինչպիսի ջանասիրությամբ են միլիոնավոր դրամներ տրամադրում զանազան անիմաստ միջոցառումների եւ անլուրջ փառատոների կազմակերպման, անցկացման համար: Բայց մեր պատմությունն արժեւորելու քայլ չի արվում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքական հրահանգ է իջեցվել դատական համակարգին, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման՝ 2016թ. ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ առանցքային դերակատարություն ունեցած անձանց նկատմամբ դատարանն ամենախիստ պատիժը կիրառի՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս գործով դատավորները պնդել են, թե իրենց որեւէ հրահանգ չի տրվել: «Իիիիիի, էս ինչ հեքիաթներ եք ասում, սա որ թիվն է, տենց բան չկա»,- Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` արձագանքել է այս գործով դատավորներից Արտուշ Գաբրիելյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ասել է, թե նման բան չի կարող լինել, քանի որ որեւէ մեկը չի կարող ուղղորդել դատարանին: Նույնը պնդել է նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Սպասենք այս գործով դատավարությանը, որի որոշումներն արդեն իսկ կայացված են:

 

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տարեվերջին կառավարության կայացրած որոշման հետեւանքով հայտնվել է դժվար կացության առաջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության՝ դեկտեմբերի 28-ի որոշմամբ` ագրարային համալսարանից վերցվել են մասնաշենքերից երեքը, որոնք գտնվում են Երեւանի Կորյուն փողոցի 15, 17, 19 հասցեներում, ինչպես նաեւ կաթսայատունը: Փոխարենը բուհին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան հ 41 հիմնական դպրոցի շենքն ու կաթսայատունը: Սակայն նոր տարածքն անհարմար վայրում է՝ Մյասնիկյան պողոտայում, դեպի գազանանոց տանող ճանապարհին: Ավելին` նոր տարածքն անմխիթար վիճակում է, եւ հիմնանորոգման համար դեռ պետական բյուջեից չեն հատկացվել գումարները: Իսկ բուհից նշված մասնաշենքերը վերցրել են, որովհետեւ ըստ պատճառաբանության` այնտեղ պետք է տեղակայվեն պետական գերատեսչություններ: Թե որոնք են այդ գերատեսչությունները, դեռ հայտնի չէ. համենայն դեպս, բուհի ղեկավարությանը կառավարությունից ասել են, որ որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս տարածքը կմնա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում:

 

 

 

Հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին, ուշագրավ դիտարկում է արել. «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսեւորումներ չեն լինում, բոլորը մի տեսակ հարմարվել են այն մտքի հետ, որ այդպես էլ պետք է լինի: Մինչեւ վերջ չենք հասկանում՝ ինչ պետք է անենք»: Միաժամանակ նա պնդել է, թե երկրում ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող, եւ հարկավոր է ինչ-որ բան մտածել՝ իրավիճակը փոխելու համար: «Ինչպես պայքարել՝ ես չգիտեմ: «Ելքը» այդ ուղին ընտրեց թանկացումների դեմ պայքարով, բայց որեւէ մեկն ալտերնատիվ տարբերակ չառաջարկեց: Լավ կլիներ՝ քաղաքական ուժերը բացատրեին, իմ ընտրած պառլամենտը բարի լիներ ինձ՝ քաղաքացուս, բացատրեր, ասեր, օրինակ՝ հարգարժանս, հասկանո՞ւմ ես՝ սա անհրաժեշտ էր: Բայց այդ փորձը չի արվում, ոնց որ թե բոլորը համաձայն են, որ որեւէ էքսցես չի լինում»:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՊՏԱ՞Կ
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է վաճառել Հայաստանի հետ զինված հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին:
Արդեն Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը: Իսկ, ընդհանրապես, վերջին տարիներին փորձագետների գնահատմամբ, Բաքուն Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական զենք: Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ասելով, թե երկու երկրների միջեւ սպառազինության վաճառքի նոր պայմանագրեր ստորագրելու հարցում որեւէ սահմանափակում չկա: «Սա մի գործընթաց է, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այսօր ընթանում են բանակցություններ։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական արդյունաբերությունը զարգանում է, եւ, ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում արդյունավետ է»,- հայտարարել է Ալիեւը:
Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ձեռք բերված զենքի տեսակն արդեն հաջողությամբ կիրառվել է 2016թ. ապրիլյան մարտերի ժամանակ, ավելին՝ նոր խմբաքանակի մեծ մասը դարձյալ փոխանցվելու է առաջնագծի ռազմական ստորաբաժանումներին։ Այստեղ ուշագրավ է փաստը, որ չնայած ապրիլյան քառօրյա պատերազմի դադարեցման հարցում առանցքային դերակատարություն ունեցավ ՌԴ-ն, սակայն այդ երկրի պաշտոնյաները լռում են Ադրբեջանի՝ զենքի նոր խմբաքանակն առաջնագիծ փոխանցելու մասին հայտարարության առնչությամբ ու չեն փորձում գոնե հրապարակային դաշտում կանխարգելիչ որեւէ խոսք հնչեցնել, հիշեցնել հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին:
Զարմանալի զուգադիպությամբ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր թափ ստացավ Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո՝ Սերժ Սարգսյանի Ստրասբուրգ մեկնելու օրերին: Ճիշտ է` Հայաստանը միաժամանակ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, բացի այդ` ռուսական կողմը պաշտոնյաների մակարդակով բացահայտ չդժգոհեց ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, բայց եղան արձագանքներ. ռուսական հեռուստաընկերություններով Հայաստանը համեմատեցին ամուսնուն դավաճանած կնոջ հետ: Ու հիմա սպառազինության նոր խմբաքանակի վաճառքը կարելի է համարել հերթական անուղղակի արձագանքը հայ-եվրոպական համագործակցությանը:
Մեկ փաստ էլ. Ս. Սարգսյանը բազմիցս անդրադարձել է սպառազինությունների ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցությանը` բացահայտ դժգոհելով, սակայն, ինչպես տեսնում ենք, անօգուտ:




Լրահոս