«ՖՈՒԼ ՀԱՈՒՍ»-Ի ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ «Ֆուլ հաուս» սիթքոմն ավարտվել է, բայց երկրպագուներին սպասվում է անակնկալ. սիրված հերոսները վերադառնալու են նոր պատմություններով, նոր հանգամանքներում եւ իրավիճակներում: Սիթքոմի դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է որոշ մանրամասներ, նա տեղեկացրել է, որ նոր նախագծի կյանքի կոչվելուց հետո իրենց թիմը կրկին հանդես կգա ներկայացումներով:

-Գրիգո՛ր, մի փոքր կպատմեք` հոկտեմբերից ի՞նչ նոր նախագիծ եք կյանքի կոչելու, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք հեռուստադիտողների ծանոթ հերոսներին հրաժեշտ չտալ:
-Մենք հոկտեմբեր ամսից նախատեսում ենք «Ֆուլ հաուսի» նոր տարբերակը` նոր պավիլյոններով, որոնք կառուցվում են, եւ նոր պատմություններով: Դերասանական կազմում, իհարկե, կլինեն որոշ փոփոխություններ: Սցենարը հիմա խմորումների փուլում է, բայց հաստատ այնպես ենք անելու, որ հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի: Սյուժեում, իհարկե, նոր, անսպասելի զարգացումներ են սպասվում, կերպարների կարգավիճակը, ստատուսն է փոխվելու, մի խոսքով` անելու ենք այնպես, որ հեռուստադիտողը տեսնի նոր «Ֆուլ հաուս»: Իսկ որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, ժամանակ է հարկավոր: Անկեղծ ասած` նման նպատակ չունեինք, բայց հեռուստադիտողների պահանջը մեծ էր, մենք էլ հասկացանք, որ նախագիծը պետք է շարունակական լինի:
-«Ֆուլ հաուսի» ստեղծագործական կազմով հաճախ ներկայացումներով հանդես էիք գալիս թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Առաջիկայում նման ծրագրեր կա՞ն:
-Այո՛, ներկայացումներ կլինեն, բայց արդեն նոր նախագիծը իրականացնելուց հետո: Մարդիկ կմարսեն իրենց մատուցված նորությունները, հետո արդեն ըստ դրա կկառուցվի համերգային նոր սցենար, կլինեն համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, օրինակ` Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում:
-Իսկ կա՞ն այլ նախագծեր, որոնցում ընդգրկված եք: Կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, զուգահեռաբար այլ աշխատանքներ էլ ենք կատարում, հիմա ուրիշ նախագծի շուրջ ենք աշխատում, սցենարական աշխատանքներ են կատարվում: Դա «Արմենիա Պրեմիումի» համար է, բայց փակագծերը բացել դեռ չեմ կարող: Միայն կասեմ, որ անում ենք այն, ինչ արել ենք միշտ:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանո՞ւմ եք: Եթե հաշվի առնենք, որ հայկական կինոշուկան բավական փոքր է, կարող ենք ասել, որ կատակերգություններ մեզ մոտ շատ են նկարահանվում:
-Ունեմ նման առաջարկ, օրինակ` Ռուսաստանից, հիմա քասթինգի պրոցես է ընթանում: Առաջարկներ պարբերաբար լինում են, բայց ոչ մի հստակ բան դեռ չկա:
-Իսկ ցանկություն ունեցե՞լ եք հումորային դերերից զատ` հանդես գալ, օրինակ, դրամատիկ կերպարներում, թե՞ դա Ձեր պրոֆիլը չէ:
-Դե, հումորային դերերից դրամատիկին անցումը շատ դժվար կլինի, այս պարագայում կարեւորը մարդկանց ընկալումն է. նրանք «Երեւան» նախագծի մեկնարկից սկսած` սովոր են տեսնել ինձ զվարճալի իրավիճակներում: Այդ պատճառով էլ չեմ պատկերացնում` մարդիկ ինչպես կարձագանքեն իմ լուրջ դերերին:
-Ի դեպ, արձագանքների մասին, երկրպագուները, կամ պարզապես անծանոթ հեռուստադիտողները երբ տեսնում են Ձեզ, ասենք` փողոցում, սովորաբար ինչպե՞ս են արձագանքում: Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում:
-Դեպքերն այնքան շատ են, որ դարձել են կենսակերպի մի մաս: Ամենազվարճալին, թերեւս, այն է, որ շատ երեխաներ ինձ առանց բեղերի չեն ճանաչում, երբ ծնողները նրանց ասում են, թե ես ով եմ, զարմանում են (ծիծաղում է):
-Գրիգո՛ր, Դուք, որքանով տեղյակ եմ, ունեք ստուդիա, որտեղ դասավանդում եք դերասանի վարպետություն: Ի՞նչ մոտեցումներ եք կիրառում երեխաների հետ աշխատելիս եւ ինչի՞ վրա եք շեշտը դնում:
-Փոխանցում եմ հմտություններ հեռուստատեսային-էստրադային-համերգային գործունեությունից, երեխաների մեջ բացահայտում եմ հումորին առնչվող կարողություններ, նաեւ պատրաստում եմ նրանց որպես սցենարիստ, քանի որ եթե դերասան ես, չպետք է քեզ խամաճիկի նման պահես, պետք է կարողանաս իմպրովիզներ անել. յուրաքանչյուր դերասանի համար դա ամենակարեւորն է:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ՉԵՄ ՖԻՔՍՎՈՒՄ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ»

Երգչուհի Սյուզի Մելիքյանը շուտով երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Ժոր Մելոյանը. «Տեսահոլովակիս կերպարը ես եմ մտածել, սցենարի ստեղծմանն իմ մասնակցությունն եմ ունեցել, կերպարներից մեկն էլ, օրինակ, դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնյանի մտահղացումն է: Ասեմ, որ տեսահոլովակը նկարահանվել է ինձ շատ հարազատ երգի հիման վրա, այդ երաժշտության մեջ ես, կարծես, գտել եմ ինքս ինձ»- ասաց Սյուզին:

Երգչուհին տեղեկացրեց, որ մտածում է առաջիկայում անսպասելի ոճային, ժանրային փոփոխություններով հանդես գալու մասին. «Միշտ ցանկացել եմ ժողովրդական ժանրում ինձ փորձել, տեսնենք, գուցե փոփոխության դիմեմ»,- խոստովանեց Սյուզին:
Դիտարկմանը, թե տարիներ առաջ ինքն ավելի ակտուալ էր եւ հաճախ էր երեւում էկրաններին, տարբեր միջոցառումների, իսկ հիմա, կարծես, խուսափում է դրանցից, Սյուզին չհակադարձեց. «Անկեղծ ասած՝ ճիշտ եք նկատել, բայց ես ոչ թե խուսափում եմ, այլ շատ երեւալու իմաստը չեմ տեսնում, որովհետեւ դրա կարիքը չունեմ: Կան այնպիսիք, որոնք իրենց կարիերայում դա են կարեւորում, բայց ինձ համար էականն այն է, որ ունեմ ինձնով, իմ գործերով հետաքրքրվող երկրպագուներ, ինձ սիրող մարդիկ: Պետք է թողնես, որ մարդիկ սպասեն եւ կարոտեն քեզ: Ես կարեւորում եմ, որ հանդիսատեսն ինքն է ակտիվություն պահանջում»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Սյուզին, ով երկրորդ մասնագիտությամբ դիմահարդար է, արդյոք ունենո՞ւմ է, այսպես ասած, աստղային հաճախորդներ. «Այո, օրինակ՝ դերասանուհի Լիկա Սալմանյանն է եղել ինձ մոտ, բայց ես չեմ սիրում հայտնի հաճախորդներին առանձնացնել մյուսներից, քանի որ բոլորն էլ ինձ համար հավասարապես թանկ են»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Իսկ հարցին, թե որն է իր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքը, Սյուզին պատասխանեց. «Տարբեր բաներ եմ լսել՝ հիմնականում անձնական բնույթի բամբասանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Անկեղծ ասած՝ չեմ էլ հիշում դրանք եւ չեմ ֆիքսվում բամբասանքների վրա, որովհետեւ երբ ֆիքսվում ես, բամբասողներին ընդլայնվելու հնարավորություն ես տալիս»:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են հունվարի 28-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պատմել է, որ առաջնությանը մասնակցելու են բոլոր ըմբիշները` բացառությամբ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի: «Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որը առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին: Միանշանակ շատ ուրախալի է, որ պարտերը վերադարձրել են ըմբշամարտ: Ես բազմիցս նշել եմ, որ առանց այդ դրության մեր մարզաձեւը սումոյի էր նմանվել»,-նշել է Ջուլֆալակյանը:
Նշենք, որ հունվարից ուժի մեջ են մտել նոր կանոնները, եւ Հայաստանի առաջնությունը հենց այդ կանոններով է անցկացնելու (կշռման արարողություն եւ մրցում նույն օրը):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում եւ կմեկնարկի ժամը 10:30-ից:

 

 

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԵՐՋԱՆԻԿ ՉԷ
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մարզվում «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Ամերիկյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ըստ երեւույթին, Յուրան երջանիկ չէ ակումբում: Մովսիսյանի շուրջ իրավիճակի մասին խոսել է նաեւ ՌՍԼ-ի գլխավոր մարզիչ Պետկեն. «Մենք փորձում ենք գտնել լուծում, որը լավագույնը կլինի ինչպես Յուրայի, այնպես էլ ակումբի համար»: Նշենք նաեւ, որ Մովսիսյանը, հնարավոր է, հեռանա ակումբից եւ տարբերակներ է դիտարկում:
ՄԼՍ-ի հերթական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ից:




Լրահոս