ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է որդեգրում կատարել, սակայն ՀՀ քաղաքացի չէ, ապա ի՞նչ կարող է անել: Ինչպե՞ս է օտարերկրյա քաղաքացին հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու:
Լաուրա Մնացականյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո` 2 ամսվա ընթացքում, իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացվում է այդ անձի եւ նրա կենսապայմանների ուսումնասիրություն: Այս ամենից հետո կազմվում է համապատասխան ակտ:
Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի կազմը ձեւավորվում է ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն եւ գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն տալու դեպքում, որն ուժի մեջ է տալու օրվանից 18 ամիս, կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերը եւ դրական եզրակացության մեկ օրինակը ուղարկում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: