Կառավարությունն օրենքներ է «սղացնում». գործադիրի անփոփոխ ոճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին մեկնարկելու են վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական նիստերը: Սակայն հերթական նիստերից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության վերջին նիստում այս հարցը զեկուցելիս նշել էր, թե ԱԺ օրակարգն այնպիսին է, որ արտահերթ նիստը հնարավոր է անցկացնել նույն շաբաթվա մեջ: Միաժամանակ նա ընգծել էր, թե նախքան ամբողջությամբ խորհրդարանական կառավարման անցում կատարելը բավական աշխատանք կա անելու: «Այս փուլում որոշակի բեռնաթափումը մեզ կօգնի մարտին եւ ապրիլին»,- հավելել էր նախարարը:

Եվ սա այն դեպքում, երբ հունվարի 15-ին մեկնարկած հերթական նիստերը տեւել էին գրեթե օր ու կես, քանի որ օրակարգը սպառվել էր: Իսկ այժմ բավական չէ, որ հերթական նիստեր են լինելու, դրանից հետո էլ արտահերթ կգումարվի, այն էլ օրակարգում 10 հարց է ընդգրկված: Նախ` հիշեցնենք, թե ինչ պատկեր էր հունվարի 15-ին մեկնարկած նիստերի ժամանակ: Խորհրդարանն արդեն երկրորդ օրը սպառել էր օրակարգը եւ պարապուրդի մատնվել: Եվ եթե չլինեին ԱԺ կանոնակարգով սահմանված հայտարարությունների ժամերն ու կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, ապա օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հնարավորություն կունենային հենց երկրորդ օրն իրենց աշխատանքը համարել ավարտված:

ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգն ԱԺ խորհուրդը փետրվարի 5-ին է հաստատելու: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ներկայացված նախագծերը՝ հասկանալու համար, թե ինչ օրենքներ կքննարկվեն հերթական եւ արտահերթ նիստերի ժամանակ:

Հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 17 նախագիծ: Հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերից 8-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Գաղտնիք չէ, որ սովորաբար առաջինից երկրորդ ընթերցում օրինագծերում ակնառու փոփոխություններ չեն լինում. շատ հաճախ դրանք սահմանափակվում են միայն կոսմետիկ շտկումներով, հետեւաբար երկար քննարկում անցկացնելու անհրաժեշտություն էլ չի լինում: Իսկ առաջին ընթերցմամբ քննարկվելու է 9 հարց, ընդ որում, նախագծերի մի մասը հավանաբար երկար կքննարկվի:

Ինչ վերաբերում է կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստում քննարկվելիք հարցերին, զարմանալի զուգադիպությամբ այնտեղ կարեւոր օրինագծեր են ընդգրկված, որոնք, սակայն, նախապես չեն քննարկվելու ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում: Մինչդեռ նման դեպքերում ցանկալի էր, որ այդ նախագծերն «անցնեին» հանձնաժողովով:

Այդ նախագծերից է, օրինակ, «Անվտանգության խորհրդի կարգավորման եւ գործունեության մասին» օրինագիծը: Այն վերջին օրերին ամենաքննարկվողներից է, եւ պատահական չէ, որ կառավարությունը որոշել է սա եւս արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկել: Ինչպես հայտնի է՝ նոր ստեղծվելիք մարմինը փոխարինելու է ներկայիս ազգային անվտանգության խորհրդին: Եւ ի տարբերություն գործող ԱԱԽ-ի` նոր խորհրդի կազմում չեն լինելու էական պաշտոններ զբաղեցնողները՝ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, դատախազը:

Հաջորդ նախագիծը, որն այս օրերին կրկին բուռն քննարկման է ենթարկվել, «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» նախագիծն է: Այսպիսի նախաձեռնության մասին բարձրաձայնումից քիչ անց, ինչպես հայտնի է, ստեղծվել էր «Աջ ղեկ» նախաձեռնությունը, որը պայքարում էր այս որոշման եւ առաջին հերթին ի սկզբանե նախագծում տեղ գտած վերահաշվառման արգելքի վերացման շուրջ: Եվ չնայած ներմուծումն արգելելու որոշումն այդպես էլ չընդունվեց, սակայն վերահաշվառումն արգելող դրույթը հանվեց: Հիմա այս նախագիծը եւս պետք է քննարկվի արտահերթով, «արագի մեջ»:

Մինչ այդ, նկատենք, ԱԺ պատգամավորները ոչ մեկ անգամ են բարձրաձայնել կառավարության որդեգրած այդ քաղաքականության մասին, երբ կարեւոր նախագծերը ներկայացնում են հապճեպ՝ դրանք «սղցնելու» նպատակով: Բայց ստացվում է, որ այդ հորդորներն ու դժգոհությունները գործադիր մարմնի մոտ ոչինչ չեն փոխում, եւ նույն քաղաքականությունը նախկինի պես շարունակվում է: Եվ եթե պետք է օրինագծերի ընդունումը հասցնել մինչեւ ապրիլ, ապա կարելի էր ավելի խելամիտ կանոնակարգել ամեն ինչ, որպեսզի պատգամավորներն անիմաստ պարապ չմնան, իսկ նախագծերն էլ անհրաժեշտ քննարկում անցնեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս