Գազի սակագնի նվազեցումը` հարկերի պակասելու պատճա՞ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ վերջին երեք տարիներին հետեւողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի` ՀՀ պետական բյուջե վճարած հարկերը, թեեւ այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկատուների ցանկը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015թ. ընթացքում ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 649.9 մլն դրամ, 2016թ.` 42 մլրդ 381.1 մլն դրամ, իսկ արդեն 2017թ. ռուսական ընկերության վճարած հարկերը կազմել են 39 մլրդ 717.6 մլն դրամ:

Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը հարցում էր ուղղել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Պատասխանը հրապարակում ենք ամբողջությամբ:

«Հայտնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից վերջին երեք տարիներին վճարված հարկերի ընդհանուր գումարի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ ներքին շուկայում վաճառվող բնական գազի սակագների նվազեցմամբ, ինչի արդյունքում նվազել են սպառողների կողմից վճարվող գումարները, այդ թվում ընկերության կողմից վճարվող հիմնական հարկատեսակը՝ ավելացված արժեքի հարկը:

Նշենք նաեւ, որ 2016թ. հուլիսի 1-ից սակագները նվազել են 6-7%-ով, իսկ 2017թ. հունվարի 1-ից՝ շուրջ 7%-ով: Բացի այդ, ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարի նվազումը պայմանավորված է նաեւ վերջին երեք տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատանքի վարձատրության ֆոնդի նվազմամբ»:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս