«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տպավորություն է, թե իշխանությունները որոշել են դաժան հաշվեհարդար իրականացնել այն ազատամարտիկների նկատմամբ, որոնք ոչ միայն իրենց կողքին չեն, այլեւ պայքարում են համակարգի դեմ՝ ցանկանալով իշխանափոխություն իրականացնել: Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ երեկ մեղադրող դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 11 տարվա ազատազրկում: Հիշեցնենք՝ Սէֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու, նաեւ ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ խումբ հավաքագրելու մեջ:
Ու հիմա մեղադրող դատախազը նրա համար 11 տարվա ազատազրկում է պահանջում այն դեպքում, երբ Սէֆիլյանը, ըստ էության, չէր իրականացրել իր մտադրությունը, եթե այդպիսին նույնիսկ ունեցել է: Իսկ ողջ տվյալներն էլ, հիշեցնենք, ձեռք էին բերվել հիմնականում գաղտնալսումների միջոցով: Այս տրամաբանությամբ սարքվեց նաեւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը. նա ձերբակալվել էր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, 2017թ. նոյեմբերին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, ըստ մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց դրդել էր ապօրինի ձեռք բերել եւ պահել «Իգլա» զենիթահրթիռային համակարգ: Սակայն ձեռք բերած ապօրինի զենքն էլ «Իգլա» համակարգի մի խողովակ էր, ուրիշ ոչինչ:
Ու տպավորություն է, թե իշխանությունները հերթով մեկուսացնում են նման մարդկանց` պահելով բանտերում: Եւ այս իրավիճակը տխուր է այնքանով, որ այդ անձանց անունները շատերի համար օրինակ են ռազմի դաշտում իրենց ցուցաբերած արիության ու մղած քաջարի մարտերի շնորհիվ, բայց հայրենի դատարանները նրանց որպես «ահաբեկիչ» պատժում են:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: