Մշակույթի նախարարությունն ահազանգել է, իրավապահները չե՞ն լսել․ գերատեսչությունների պատասխանները չեն համընկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 13-ի երեկոյան անհայտ անձը կողոպտել էր Տավուշի մարզի Աչաջուր համայնքի հարեւանությամբ գտնվող Մակարավանքի եկեղեցում վաճառքի դրված փայտե ու երկաթե խաչերը, իսկ այն հուշանվերները, որոնք հնարավոր չէր եղել տանել՝ ամբողջությամբ ոտնատակ էր տրվել: Ավելի վաղ՝ 2017թ. նոյեմբերին, Սյունիքի մարզի Վահանավանքի եկեղեցու ներսում կոտրել էին հանգանակությունների համար նախատեսված գանձանակի դուռը՝ գողանալով այնտեղ եղած գումարը։ Նախորդ տարվա հունվարին էլ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012թ. հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում քանդել եւ թալանել էին երեք դամբարան: Պատմական նշանակություն, մշակութային արժեք ունեցող հուշարձանների թալանի, կողոպուտի դեպքերը բազմաթիվ են, սրանք ընդամենը օրինակներ են:

«Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պարզելու համար` 1991-ից մինչեւ 2017 թվականը ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված թվով քանի՞ հուշարձանի կողոպուտի, թալանի, վանդալիզմի ենթարկվելու մասին է հաղորդում ստացվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ տրամադրեցին միայն 2003-2017 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենգրքի 180 (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) եւ 260 (վանդալիզմը) հոդվածների հատկանիշներով գրանցված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես եւ այն հանցագործությունների քանակի վերաբերյալ, որոնք կատարվել են հուշարձանների առնչությամբ։ Այսպիսով՝ 2003-2017 թթ. առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակման հոդվածի հատկանիշներով, ըստ ոստիկանության տվյալների, կատարվել է ընդամենը 11 հանցագործություն, նույն ժամանակահատվածում վանդալիզմի հոդվածի հատկանիշներով կատարվել է 9 հանցագործություն, այդ ժամանակահատվածում հուշարձանների նկատմամբ գրանցված հանցագործությունների քանակը 29 է։

Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք նախարարությունը համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ եւ եթե այո՝ ի՞նչ կտրվածքով, նշել է. «ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանների պահպանության գործընթացներն ապահովելու նպատակով օրինազանցության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում ինչպես ՀՀ ոստիկանություն, այնպես էլ դատախազություն։ Անհրաժեշտության դեպքում, որպես տուժող կողմ, ապահովում է մասնագիտական եւ դատամշակութաբանական փորձագիտական եզրակացություններ, տալիս է հուշարձանների արժեւորման եւ վնասի գնահատման վերաբերյալ տեղեկանքներ եւ ակտեր։ 2016-2017թթ. կատարված մոտ 18 օրինախախտման դեպքերի կապակցությամբ հայցադիմումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»։

Այսինքն՝ միայն մեկ տարվա ընթացքում նախարարությունն օրինախախտման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել 18 դեպքի առնչությամբ, այնինչ` ոստիկանության տվյալների համաձայն` 2016-2017թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 180 եւ 260 հոդվածների հատկանիշներով եւ հուշարձանների առնչությամբ գրանցված հանցագործությունների քանակն ընդամենը 5 է (ընդ որում, հուշարձանների առնչությամբ գրանցված հանցագործությունների քանակը 3 է)։ Հարց է ծագում՝ որտեղի՞ց է առաջանում այս երկու տվյալների միջեւ առկա տարբերությունը։ Եթե նախարարությունը ներկայացնում է հստակ դեպքեր եւ դրանք որակում է որպես օրինախախտում, այն էլ համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչպե՞ս է ստացվում, որ օրենքը խախտողներից միայն մի քանիսն են համարվում հանցագործ։ Ուրեմն՝ կա՛մ ահազանգը չի հաստատվել, դրան ընթացք չի տրվել, կա՛մ իրավապահ մարմինները հետեւողական չեն գտնվել, գուցե նաեւ քողարկել են հանցագործության դեպքերը։ Բայց եթե, օրինակ, ահազանգին ընթացք չի տրվել, ենթադրենք՝ կատարվածը հանցագործություն չի համարվել, այդ դեպքում ինչո՞ւ է նախարարությունն օգտագործում «օրինախախտում» ձեւակերպումը։ Հասկանալի է նաեւ, որ երկու գերատեսչությունների ներկայացրած տվյալներն ընդամենը գրանցված հաղորդումների կամ հանցագործությունների մասին տվյալներ են, հուշարձանների հափշտակման, թալանի, դրանց նկատմամբ իրականացված վանդալիզմի վերաբերյալ մի շարք դեպքեր պարզապես չեն բացահայտվում, մնում են անարձագանք կամ, այսպես ասած, «ծածկադմփոց» են արվում։

Աննա Բաբաջանյան




Լրահոս