Քաղաքապետը անվտանգության աշխատողներ չունի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած խայտառակ միջադեպի շուրջ կրքերը չեն դադարում: Ավելին` նոր հարցեր են ի հայտ գալիս: Արդյո՞ք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղաջրերի, մեղմ ասած, անմխիթար վիճակը շտկելու համար քաղաքապետի կողմից հանձնարարական է տրվել, ինչո՞ւ միջադեպին չեն միջամտել Երեւանի քաղաքապետի անվտանգության աշխատակիցները: Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից:

-Պարո՛ն Գեւորգյան, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անվտանգության աշխատակիցներ ունի՞, թե՞ ոչ:

-ՀՀ բոլոր այն պաշտոնյաները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:

-Իսկ կոնկրետ քաղաքապետի դեպքո՞ւմ…

-Ես արդեն նշեցի. բոլոր այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:

-Եւ քաղաքապետը անվտանգության քանի՞ աշխատող ունի:

-Ես արդեն պատասխանել եմ…

-Պարո՛ն Գեւորգյան, իսկ քաղաքապետարանը անվտանգության աշխատողներ ունի՞, թե՞ ոչ…

-Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին. ՀՀ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:

-Քաղաքապետը անվտանգության քանի՞ աշխատող ունի…

-Ներողություն, ես արդեն ավարտել եմ Ձեր հարցին պատասխանելը…

-Ո՛չ, չեք ավարտել: Դուք իմ հարցին չեք պատասխանել…

-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի…

-Դուք նշում եք, որ բոլոր պաշտոնյաները նման իրավունքից օգտվում են, քաղաքապետը ե՞ւս օգտվում է…

-Ես արդեն պատասխանել եմ:

-Իսկ նախօրեին քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ որտե՞ղ էին անվտանգության աշխատողները:

-Ես արդեն պատասխանել եմ:

Եւ անջատեց հեռախոսը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս