ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր բժշկասոցիալական փորձաքննություններին: Վարչապետը նշեց, որ բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող մարմինները շատ մեծ դեր ունեն:
Սակայն նրա խոսքով, այժմ այդ հանձնաժողովների գործունեության արդյունքները բավարար չեն, նվազագույնի հասցված չէ սուբյեկտիվությունը, լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման կազմակերպման և մոնիթորինգային համակարգը: Ըստ այդմ, նա հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարություններին՝ ներկայացնել առաջարկություններ՝ այդ ոլորտում առկա վիճակը շտկելու ուղղությամբ: Այդ ամենի համար Կարեն Կարապետյանը մեկ ամիս ժամանակ տվեց:
«Նախնական քննարկել ենք նախարարների հետ, այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են պրինցիպալ փոխելու է ոլորտը, կստանանք նոր խաղի կանոններ այստեղ», – նշեց նա: