Էրեբունու թաղապետն աշխատանքից ազատել է բանակում մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ընդամենը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում , հասցրել է ազատվել իր նախորդի՝ Արմեն Հարությունյանի գրեթե բոլոր կադրերից , հին աշխատակիցներին փոխարինելով իր բարեկամներով ու ծանոթներով: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Դավիթ Գրիգորյանը չի խնայել անգամ մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը՝ տիկին Գայանեին, որը թաղապետարանում հավաքարարի հաստիք է զբաղեցրել: Երբ աշխատանքից ազատված կինը դիմել է թաղապետին և ասել, որ մի որդին բանակում է ծառայում, մյուսն էլ բանակում հաշմանդամ է դարձել և իր խնամքի տակ է, Դավիթ Գրիգորյանը առանց աչքը թարթելու պատասխանել է «Կարո?ղ ա շուկա ես եկել:»

«ՉԻ» տեղեկություններով՝ Դավիթ Գրիգորյանի հրամանով աշխատանքից ազատվածների ցանկը մեծ է: Ի մասնավորի՝ սոցիալական ծառայության աշխատանքից ազատված պետի փոխարեն նշանակվել է թաղապետի հորեղբոր թոռը՝ Ստելա Ավագյանը:

Կրթության բաժնում ևս փոփոխություն է կատարվել, աշխատանքից ազատելով բաժնի պետին, Դավիթ Գրիգորյանը նշանակել է իր քրոջ աղջկան՝ Սիմա Բաղդասարյանին: Նկատենք, որ Գրիգորյանը աչք է ունեցել անգամ պատճենահանող աշխատակցի՝ Անահիտի աշխատանքի վրա, նրան ազատել է աշխատանքից և փոխարենը նշանակել իր քրոջ որդուն՝ Լյովային,որը համատեղությամբ նաև կոմունալ բաժնում է հայտնվել: Նախկին թաղապետի տեղակալ, Մհեր Սեդրակյանի կադրը համարվող Խաչատրյանը ևս ազատվել է աշխատանքից, իսկ այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Օսիպյանը: Կանաչապատման հարցերով զբաղվող, զբոսայգու տնօրեն Մակար Սարուխանյանին Դավիթ Գրիգորյանը առաջարկել է հեռանալ ինքնակամ՝ սեփական դիմումի համաձայն, իսկ նրա փոխարեն նշանակել է Կիրակոսյանին՝ իր մանկության ընկերոջը: ՄակարՍարուխանյանի հետ աշխատանքից ազատվել է նաև նրա վարորդը՝ Արմենը:

Դավիթ Գրիգորյանը ազատվել է նաև կոմունալ բաժնի աշխատակիցներից, և հավատարիմ իր աշխատաոճին՝ բերել իր կադրերին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ թաղապետարանի ընդհանուր բաժնի երկարամյա երկու աշխատակցուհիներ, արտասվելով են ստացել իրենց ազատման մասին հրամանները, բայց փոխարենը թաղապետի ազգականներն են գոհ մնացել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս